15/05/2017 13:13
«Դիլիջան ազգային պարկում» ծառերը հատվել են բոլորի իմացությամբ. Բնապահպան (Լուսանկարներ)
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը պնդում է՝ «Դիլիջան» ազգային պարկում նման ծավալի ծառահատում հնարավոր էր միայն բոլորի իմացությամբ:
«Ոչ միայն «Դիլիջան» ազգային պարկում, այլ նաև ամենուր ծառահատումներն իրականացվում են բոլորի իմացությամբ: Բոլորն էլ գիտեն՝ ով ինչքան փայ ունի էդ անտառահատումներից՝ սկսած ծառ կտրողից, անտառապահից, անտառապետից, անտառտնտեսության տնօրենից, «Հայանտառ»-ից, ոստիկանությունից, Բնապահպանական տեսչությունից», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լևոն Գալստյանը:
«Դիլիջան» ազային պարկում մասսայական ծառահատման մասին լուսանկարները տարածվել էին երեկ, երբ արշավական Գոռ Հովհաննիսյանը գնացել էր այնտեղ ու ծառերի սպանդի ականատես եղել:
«Քայլել ենք կես ժամի չափ ու ամեն մետրին հսկայական, հարյուրամյա ծառեր էին տապալված` էնքան շատ են, որ հաշվելս էլ չեկավ: Փռթել ու անասունավարի թափել էին, որ հետո գան ու տանեն: Ու ամենախնդալուն էլ այն էր, որ ծառահատումները սկսվում էին հենց դեպի Հաղարծին վանք տանող ճանապարհից. եթե անտառապահը տեղյակ չի եղել, պարկի ադմինիստրացիան տեղյակ չի եղել կամ փայ չի ունեցել ու չի ունենալու, ուրեմն ո՞նց պիտի արդարացնի էդ անտեղյակությունը», - իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր արշավականը:
Գալստյանի խոսքով՝ անտառհատումները պայմանավորում են սոցիալական ծանր պայմաններում ու նաև այդ պատճառով էլ արդարացնում անտառհատումների փաստը:
«Եթե կառավարիչները մարդկանց հասցրել են սոցիալական էնպիսի ծանր վիճակի, որ իրանք անտառ կտրելով ապրելու, հացը վաստակելու միջոցները հայթայթեն, ուրեմն այդ կառավարման համակարգը պետք է փոխվի: Հանձնարարականներ տալով ու հեքիաթներ պատմելով՝ չի լինի», - ասաց Գալստյանը:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն ձերբակալվել է: