15/05/2017 14:44
Տեսուչը սրիկայություն է արել, ծառ հատելու հրաման իմ բերանից երբեք չեք լսի. «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանի կարծիքով, Հայաստանում ծառերը հատվում են մարդկանց սոցիալական ծանր պայմանների պատճառով:
«Ծառերը հատվում են սոցիալական ծանր խնդիրների և մարդկանց պահանջների պատճառով: Եթե մարդը չունենա կարիք, բնականաբար, չի գնա, ծառ հատի: Ոչ մեկին, ինձ թվում է, հաճելի չէ ծառ հատելը: Մանավանդ այդ ծանր գործը անելը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սահակ Մուրադյանը:
Նա ասաց, որ երեք ամսով անձնական խնդիրների պատճառով գտնվել է արձակուրդում և երբ վերադարձել է, տեղեկացել է ծառահատման դեպքի մասին: Արշավական Գոռ Հովհաննիսյանի՝ երեկ հրապարակած լուսանկարներում հատված ծառերը, ըստ «Դիլիջան Ազգային պարկ»-ի տնօրենի, հենց այդ ժամանակահատվածում են հատվել, որի համար այժմ կալանավորված անձ կա:
«Ես խոսել եմ Գոռի հետ, այդ լուսանկարները մի քանի ամսվա կտրած ծառեր են և այդ նույն տարածքի կտրած ծառերն են, որի համար կա կալանավորված և այդ տարածքում մոտ մի քանի հարյուր ծառ կտրելու համար քրեական գործ է հարուցվել», - ներկայացրեց տնօրենը:
Հարցին, թե իր ղեկավարած տարածքում ինչպե՞ս են աշխատակիցները նման քայլի գնացել, Ազգային պարկի տնօրենը պատասխանեց. «Մեր աշխատակիցների հետ կապված եղել են թերություններ, մարդիկ ստացել են նկատողություն, մինչև անգամ ազատվել են աշխատանքից և մի քանի քրեական գործ կա հարուցված, քննությունը կպարզի, մեղավորները, հետամուտ կլինենք, որ պատժվեն»:
Aysor.am-ի դիտարկմանը, թե ըստ մասնագետների, առանց «Դիլիջան ազգային պարկի» ղեկավարության իմացության, օրինակ, տեսուչը, որը կալանավորվել է, չէր կարող ծառերը հատել, Սահակ Մուրադյանը արձագանքեց.
«Այս վերջին դեպքով կալանավորված տեսուչը ընդունվել է աշխատանքի իմ բացակայության ժամանակ՝ մեկ ու կես ամիս, նոր աշխատող էր, փորձաշրջանի մեջ է եղել ու, շատ կներեք, սրիկա է դուրս եկել, որը նոր մտած աշխատանքի, նման բաներ է արել ու վարկաբեկել մեր Ազգային պարկի մյուս աշխատակիցներին: Դրա համար, ես հետամուտ եմ լինելու, որ նա իր պատիժը ստանա: Չի կարող վերադասը՝ հանձինս ինձ, թույլ տալ, որ որևէ մեկը գնա ծառ հատի: Նման հրաման, նման բառ իմ բերանից կյանքում չեք լսի»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպե՞ս է ստացվում, որ ստորադասը նման քայլի է գնում, Սահակ Մուրադյանը ի պատասխան նկատեց, որ երբ ստորադասը կաշառք է վերցնում, չի նշանակում, որ վերադասը տեղյակ է դրանից ու հավելեց. «Ամեն մարդ այլ կերպ է մտածում, մտածում է էս պահին օգտվի իր սրիկայությամբ, ինչի հետևանքով էլ նման խնդիրներ են առաջանում»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, Տավուշի մարզի դատախազության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը» մայիսի 11-ին հարուցվել է քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ, պաշտոնատար անձ հանդիսացող Ա. Ս.-ն ձերբակալվել է: