19/05/2017 16:09
Որտե՞ղ է ՊՊԾ գնդի բանկոմատից հափշտակված 15 մլն դրամը. Բիլյանը չի ընդունում լրացուցիչ մեղադրանքը
Նախորդ տարի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման քրեական գործն արդեն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մեղադրական եզարակացություններն արդեն հրապարակված են:
14 մեղադրյալներից առավել ծանր մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին. բացի ՊՊԾ գունդը գրավելու, պատանդ պահելու, ոստիկանության աշխատակցին սպանելու մեղադրանքներից, քրեական գործը մինչև դատարան ուղարկելը, նրա մեղադրանքը լրացվեց նաև առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Բիլյանը կազմակերպված խմբի այլ անդամների հետ գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հուլիսի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, գնդի տարածքում գտնվող գեներատորի գործարկմամբ, էլեկտրական սղոցով կտրել են ՊՊԾ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատի հետնամասի դռների ծխնիները, բացել բանկոմատը և այնտեղից գաղտնի հափշտակել ՓԲ ընկերության առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամը:
Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ այդ թվում՝ հափշտակության լրացուցիչ մեղադրանքը:
«Մեզ համար նույնիսկ ծիծաղելի է այդ մեղադրանքը, այն իմաստով, որ ամբողջությամբ անհիմն է, և այդ բանկոմատից կատարված հափշտակության հետ ինքը որևէ առնչություն չունի: Սպանության մեղադրանքը արդեն իսկ զավեշտ էր, իսկ այս մեղադրանքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում», - ասաց Արմինե Ֆանյանը:
Մեր հարցին, թե որտե՞ղ են բանկոմատից հափշտակված գումարները, ի՞նչ է արվել այդ գումարի հետ, փաստաբանն ի պատասխան նկատեց, որ ինքը տեղյակ չէ ու հավելեց. «Որևէ տեղեկատվություն չունեմ, թե իսկապե՞ս գումար այնտեղից հափշտակվել է, արդյոք այդ ամենը իսկապես տեղի ունեցե՞լ է»:
Մյուս հարցին, թե արդյոք պաշտպանը քննչական գործողությունների շրջանակում տեղեկացվել է այդ գումարի մասին, Ֆանյանը պատասխանեց. «Իմ պաշտպանյալի մեղադրանքը երբ լրացվեց, պատպանյալս մեղադրանքը չընդունեց և ասաց, որ առնչություն չունի դրա հետ: Քանի որ նա հրաժարվեց որևէ ցուցմունք տալ, որևէ բան ասել դրա առնչությամբ, և քննիչն էլ հարցեր չառաջադրեց, այդ պատճառով էլ չկարողացանք որևէ ինֆորմացիա քաղել դրա մասին»:
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմին տրամադրել են փորձաքննության արդյունքները, որի համաձայն, մի շարք անձանց վերնազգեստների վրա մետաղական մասնիկներ են հայտնաբերվել, որի հիման վրա էլ լրացուցիչ մեղադրանքներ են առաջադրվել խմբի անդամներից մի քանիսին:
«Բայց այդ, բոլոր հագուստները անընդհատ հանել են, հագել են, և դրա հիման վրա մեղադրանք առաջադրելը իրատեսական չէ», -նկատեց փաստաբանը:
Ֆանյանն ասաց, թե արձակուրդում է եղել, չի ծանոթացել գործի նյութերին, որոնց ծանոթանալուց հետո կմշակեն պաշտպանական մարտավարություն և ըստ այդմ, դատարանում կիրականացնեն Բիլյանի պաշտպանությունը: