19/05/2017 09:10
Տարածաշրջանում Ռոհանիի մեղմ քաղաքականությունն այդքան էլ ընդունելի չէ մեզ համար. Իրանագետ
Իրանում նախագահական ընտրություններն ինչ արդյունք էլ ունենան, Հայաստանի հետ հարաբերությունների վրա որևէ ազդեցություն ունենալ չեն կարող, Aysor.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իրանում նախընտրական գործընթացներն, ի վերջո, հանգեցրեցին նրան, որ տեղի ունեցավ որոշակի համախմբման գործընթաց թե՛ պահպանողականների, թե՛ հեղափոխականների ճամբարում։ Պահպանողականների կողմից առաջադրված թեկնածուներից հետագա գործընթացներից հօգուտ Ռայիսիի հրաժարվեց Թեհրանի քաղաքապետը, իսկ հեղափոխականների ճամբարում գործող փոխնախագահ Ջհանգիրին իր թեկնածությունը հանեց հօգուտ գործող նախագահի թեկնածու Հասան Ռոհանիի», - ասաց Վարդան Ոսկանյանը։
Հետևաբար, ըստ նրա, ընտրական փուլում լինելու է երկու հիմնական մրցակից, որոնք ներկայացնում են հեղափոխականների և պահպանողականների ճամբարները։
Այս պահի դրությամբ իրանագետը դժվարացավ գնահատել թեկնածուների շանսերը, որովհետև, նրա խոսքով, հարցումները ցույց են տալիս, որ երկու թեկնածուի ձայներն էլ բավական գերակշիռ են մնացյալ բոլոր թեկնածուների հանդեպ։
«Սակայն իրանցի ընտրողն ունի հետաքրքիր առանձնահատկություն. որոշում կայացնելու հանգամանքը հետաձգվում է ընդհուպ մինչև վերջին պահը, քվեատուփին մոտենալը։ Այդ իմաստով, իրանական ընտրությունները դժվար կանխատեսելի են», - ասաց Վարդան Ոսկանյանը։
Նրա խոսքով՝ մեկ ուրիշ խնդիր էլ կա. Իրանի ներսում քաղաքական համակարգը ըստ էության բարեփոխականների և պահպանողականների է բաժանվում՝ շատ դեպքերում կախված նաև երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներից։
«Տեսակետ կա, որ ԱՄՆ-ում նոր վարչակարգի իշխանության գալու և ԱՄՆ-ի հռետորաբանության ավելի խստացման պայմաններում ճիշտ կլիներ, որպեսզի Իրանի նախագահը լիներ պահպանողական ճամբարից։ Մյուս կողմից էլ՝ իրանական հասարակությունը շատ երիտասարդ է, այդ թվում նաև՝ ընտրողները։ Իսկ ընտրազանգվածի այս հատվածն ակնհայտորեն կողմնակից է Ռոհաննիի երկրորդ պաշտոնավարմանը, և այս համատեքստում իրավիճակը բավական բարդ և խճճված է։ Շատ մեծ է հավանականությունը, որ ընտրությունների առաջին փուլում որևէ մեկը նախագահ չընտրվի և ականատես լինենք երկրորդ փուլի», - կանխատեսեց իրանագետը
Հարցին, թե Հայաստանի համար կա՞ նախընտրելի թեկնածու, Վ. Ոսկանյանն արձագանքեց.
«Մեզ համար նախընտրելի թեկնածու են բոլորը, որովհետև Իրանի արտաքին քաղաքական ուղեգիծն այդքան էլ կախված չէ կոնկրետ անձերի փոփոխությունից։ Անշուշտ, Ռոհանիի մեղմ քաղաքականությունը տարածաշրջանում մեր հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրած այնպիսի երկրների հանդեպ, ինչպիսին է Ադրբեջանը, ինչ-որ տեղ այնքան էլ հաճելի չէ մեզ համար։ Միգուցե պահպանողական նախագահն ավելի խիստ ուղեգիծ որդեգրի։ Բայց սա էլ միանշանակ չէ, որովհետև, ըստ էության, այդ քաղաքական ուղեգիծը հստակ որոշվում է, հետագայում ընդամենը փոքր ճշգրտումներ են մտցվում։ Հայաստան - Իրան հարաբերությունները, չեմ կարծում, որ կփոխվեն թեկնածուներից որևէ մեկի ընտրվելու պարագայում, որովհետև դրանք ռազմավարական կարևորություն ունեն երկու երկրների համար»։