20/05/2017 18:18
«Հույս կա, ելք չկա». 6-րդ գումարման ԱԺ պատգամավորների աչքի ընկած հայտարարությունները
6-րդ գումարման Ազգային ժողովn արդեն երրորդն օրն է` շարունակում է աշխատանքները: Аysor.am-ը ներկայացնում է այս օրերի ընթացքում պատգամավորների կողմից արված ամենաշատ աչքի ընկած արտահայտությունները:
«Չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատում եմ»
ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի մեկնարկից առաջ հորդորել էր լրագրողներին չանհանգստանալ: Իր` ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ինքը գիտի` ինչպես վարվել կարգազանց պատգամավորների հետ: «Ես մանկաբույժ եմ և չարաճճի երեխաների հետ հաճույքով աշխատում եմ», - ասել էր Արա Բաբլոյանը` պատգամավորներին չարաճճի երեխաների հետ համեմատելով:
«Եթե համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն ընդդիմություն ենք»
6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի մեկնարկից առաջ Գագիկ Ծառուկյանն ինքը հայտարարել էր, որ իրենք ընդդիմություն են. «Եթե համապատասխան կոալիցիայի մեջ չենք, ուրեմն ընդդիմություն ենք»:
«Ելք միշտ կա»
ԱԺ առաջին նիստի մեկնարկից առաջ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասել էր, որ պատրաստվում են ակտիվ աշխատել խորհրդարանում, դիտարկմանը, թե ինչպես կաշխատեն իշխանական մեծամասնության հետ, որը հրաժարվում է 10 հանձնաժողով թողնել, որպեսզի «Ելք»-ը կարողանա նախագահել դրանցից մեկը, Մարուքյանն արձագանքել էր. «Ելք միշտ կա»:
«Հույս կա, ելք չկա»
Էդմոն Մարուքյանի վերը նշված խոսքերից ժամեր անց նույն միջանցքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողների հարցին, արդյոք մինչև օրվա վերջ ԱԺ նախագահի քվեարկությունը կավարտվի՞, արձագանքել էր. «Հույս կա, ելք չկա: Գրի առեք ասածս»:
«Եղել է դեպք, որ ինքս քվեարկել եմ ուրիշի փոխարեն»
Նոր խորհրդարանում իր առաջին ելույթներից մեկում Արա Բաբլոյանը խոստովանել էր` ինքը քվեարկել է ուրիշի փոխարեն: «Դրա համար ներողություն եմ խնդրել և գտնում եմ, որ ճիշտ չէ ուրիշի փոխարեն քվեարկել», - ասել էր նա:
«Գնա իմ տեղն էլ քվեարկի էլի»
Բաբլոյանի հայտարարության հաջորդ օրը, երբ ԱԺ–ում փոխնախագահների ընտրություններ էին, Կարեն Կարապետյանն իր հերթին սպասելիս ձայն էր տվել Սամվել Ալեքսանյանին` ասելով. «Իմ տեղն էլ քվեարկի էլի»:
«Սև սգի մեջ եմ, չես տեսնո՞ւմ բալես»
ԱԺ փոխնախագահների ընտրության ժամանակ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այսպես էր արձագանքել հարցին, թե արդյոք նեղվա՞ծ չէ, որ ինքն այլևս փոխնախագահ չէ:
«Ես Գալուստ Սահակյան եմ, վսյո»
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը հորդորել էր լրագրողներին չտխրել, որ ինքն այլևս ԱԺ նախագահ չէ` ասելով. «Ես ձեզ անընդհատ ասել եմ` ես ով եմ: Գալուստ Սահակյանն եմ, վսյո»:
«Կողմ պարագայում «կողմ» բառի կողքը` աջից, դնում եք ծիտիկը»
ԱԺ նորընտիր նախագահ Արա Բաբլոյանը կոլորիտով չի զիջում ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանին: ԱԺ փոխնախագահների ընտրությունների ժամանակ Արա Բաբլոյանն այսպես էր բացատրում ընտրության կարգը. «Որպեսզի չլինեն շփոթություններ, հատուկ մեկ անգամ էլ կցանկանայի նշել. «Կողմ պարագայում «կողմ» բառի կողքը` աջից, դնում եք ծիտիկը, դեմի դեպքում՝ դեմ բառի աջ կողմը դնում եք համապատասխան նշանը»:
«Շան տղի Նիկոլն ընենց խոսաց, քիչ էր մնում համոզեր»
ԱԺ նախագահի ընտրությունների ժամանակ Սեյրան Սարոյանն անկեղծացավ` Նիկոլ Փաշինյանի համոզիչ ելույթից հետո դժվար է չընտրել Էդմոն Մարուքյանին: «Շան տղի Նիկոլն ընենց խոսաց, քիչ էր մնում համոզեր», - ասել էր նա` լրագրողներին ցույց տալով քվեաթերթիկը ու պնդելով, որ Փաշինյանի ելույթից հետո դժվարությամբ է կարողացել Արա Բաբլոյանին ընտրել: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե Արա Բաբլոյանն ընտրվի ԱԺ նախագահ, ապա մանկաբուժությունը մեծ վնաս կկրի:
«Դոմփելով գնում եք, է հետո՞, ո՞ւր եք հասնելու էտ դոմփելով»
«Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանն իր առաջին ելույթի ժամանակ քննադատել էր իշխանություններին` պնդելով, որ դիտմամբ չեն ցանկանում հանձնաժողովների թիվը 10 թողնել, որպեսզի իրենց խմբակցությունը ևս հնարավորություն ունենա հանձնաժողովի նախագահ առաջադրելու: «Դոնթի բանաձևը օրինակ դարձրած, ձեր վարչապետի խոսքով ասեմ, դոմփելով գնում եք, է հետո՞, ո՞ւր եք հասնելու էտ դոմփելով»: