22/05/2017 11:22
Հայաստանում էքստրեմալ տուրիզմով զբաղվելու համար առկա են բոլոր պայմանները․ Լրագրողներն այցելեցին «Յելլ էքսթրիմ Պարկ» (Լուսանկարներ)
Մայիսի 20-ին լրագրողներն այցելեցին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող «Յելլ էքսթրիմ Պարկ»՝ ծանոթանալու էքստրեմալ զբոսաշրջության համար նախատեսված զվարճանքի տեսակներին և հնարավորություն ունեցան անձամբ փորձարկել դրանցից մեկը՝ զիփլայնը:
Նշենք, որ բացի այնտեղ գործող 135մ, 200մ, 268մ, 375մ և 750մ երկարությամբ 5 ճոպանագծից, կազմակերպիչները Indiegogo միջազգային հարթակում նախաձեռնել են Հայաստանում աշխարհի ամենաերկար՝ 2680մ երկարությամբ և 200-300մ բարձրությամբ զիփլայն կառուցելու նպատակով 30 օր տևողությամբ կոլեկտիվ դրամահավաքի արշավ, որը մեկնարկել է մայիսի 4-ից։
«Արշավի շրջանակներում արդեն հասցրել ենք հավաքել 8860 ԱՄՆ դոլար։ Բոլորին կոչ ենք անում համախմբվել, միանալ մեր այդ լավ արշավին և աշխարհի ամենալավ զիփլայնի համար ստանալ երկու տոմս՝ կատարելով ներդրում», - լրագրողների հետ զրույցում ասաց «Յելլ էքստրիմ պարկ» նախագծի հիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։
Հարցին՝ որքանո՞վ է Հայաստանում էքստրեմալ տուրիզմը տարածված, պատասխանեց, որ հիմնականում 18-28 տարեկան երիտասարդներն են հետաքրքրված նման ակտիվ հանգստի տեսակով:
«Անցած տարվա տվյալների համաձայն՝ մեզ այցելողների 80%-ը եղել է հայաստանաբնակ, իսկ 20%-ը՝ զբոսաշրջիկ։ Իսկ այս տարի նպատակ ունենք այդ հարաբերությունը փոփոխության ենթարկել», - հավելեց նա։
Լրագրողները նաև հնարավորություն ունեցան փորձարկել զիփլայնը։ Մինչ բուն թռիչքը, բոլորին ամրացրեցին անվտագության գոտիներ, սաղավարտ, ձեռնոցներ, ապա հրահանգիչները նախապես անցկացրեցին նախնական թռիչքի ցուցադրություն թրեյնինգ, որտեղ մանրամասն բացատրեցին և ցուցադրեցին, թե ինչպես պետք է վարվել թռիչքի ընթացքում տարբեր իրավիճակներում։
Զիփլայնի ճոպանագծերը մի քանիսն են՝ տարբեր բարձրությամբ։ Թռիչքի սկզբունքն այնպես է կազմակերպված, որպեսզի սկսնակը, հաղթահարելով վախը, աստիճանաբար կարողանա անցնել ավելի բարձր ճոպանագծերը։ Առաջին թռիչքն իրականացվում է համեմատաբար ցածր ճոպանագծից ու ավարտվում արդեն ավելի բարձրով։ Մեկ թռիչքի տևողությունը 30 վայրկյանից 2 րոպե է, իսկ թույլատրվող ծանրությունը՝ 150 կգ ոչ ավելի:
«Յելլ էքսթրիմ Պարկի» մարքենթինգի պատասխանատու Գեղամ Վարդանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ունեցել են դեպք, երբ 2,5 տարեկան մի տղա առանց որևէ մեկի օգնության, թռել է զիփլայնով, նա նաև ասաց, որ անցյալ տարի զիփլայնով թռել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ով արդեն ամենաերկար զիփլայնի համար հասցրել է իր ներդրումն անել։
Նրա խոսքով՝ բացի գործող զիփլայնից, կան նաև այլ ատրակցիոններ, որոնք ոչնչով չեն զիջում զիփլայնի էֆեկտին։
Որպես օրինակ՝ բերեց «Rope Park»-ը, որը մասնակցության քանակով զիփլայնից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։
Այն իրենից ներկայացնում է 3.000մ² տարածք, որտեղ մասնակիցները պետք է հաղթահարեն ամենազանազան 12 փոքր փորձություն՝ մագլցելով սարդոստայնի, ծառերի, կամուրջների վրայով, որպեսզի հասնեն վերջնակետին։
Բարդությունները հաղթահարելու համար տրվում է 60 րոպե։ Դրա կողքին գտնվում են ժայռամագլցման ուղիները՝ 13մ բարձրությամբ, որտեղ արդեն կարելի է զբաղվել ալպինիզմով և այն չի պահանջում նախնական սպորտային լավ պատրաստվածություն։
Գ. Վարդանյանն ասաց նաև, որ կան արտաճանապարհային «Off-road» տուրեր, որոնք ներառում են քառանիվ ոչ ստանդարտ մեքենաներով արտաճանապարհային բազմաթիվ խոչընդոտների, բարդությունների և արգելքների հաղթահարում՝ ուղևորություն և մեքենավարում ավազից, գետերից, ժայռերից և ցեխերից պատրաստված անհարթ ճանապարհների վրա:
Ատրակցիոների թվում են նաև «Paragliding»՝ բարձրունքից թռիչքներ, որոնք տևում են մինչև 30 րոպե՝ կախված եղանակային պայմաններից, մասնագետի հետ միասին, «Paintball»-ը թիմային խաղ է, որի ժամանակ կրակում են միմյանց վրա գունավոր գնդակներով, մասնակիցները կրում են հատուկ այդ խաղի համար նախատեսված համազգեստ և «Horseback Riding»՝ ձիով արշավներ, որոնց տևողությունը 20 րոպեից մինչև 7 օր է: