22/05/2017 14:40
Ոչ, դեռ հավանական չի. Արտաշատի փոխքաղաքապետն՝ իր առաջադրվելու մասին
Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը առայժմ հստակ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է Արտաշատի քաղաքապետի ընտրություններում, թե՞ ոչ։
«Որ որոշեմ առաջադրվել, հաստատ բոլորդ կիմանաք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պողոսյանը՝ նկատելով, որ իր վերջնական որոշման մասին հայտնի կլինի «այս երկու օրը»։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ չառաջադրվի, Պողոսյանը պատասխանեց. «Ոչ, դեռ հավանական չի առաջադրումը։ Ինչ որոշում էլ կայացնեմ, բոլորիդ տեղյակ կպահեմ»։
Նկատենք, որ Գագիկ Պողոսյանը, ով նախկին ՀՀԿ-ական է, Արտաշատում համարվում է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիմակիցը՝ նրա ազգականը լինելուց բացի։ Գագիկ Պողոսյանը նաև «Ծառուկյան» դաշինքով պատգամավոր ընտրված նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի եղբայրն է։ Եթե նա առաջադրվի, ապա լինելու է «Ծառուկյան» դաշինքի թեկնածուն։
Արտաշատի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածուի հարցում չի կողմնորոշվել նաև Հանրապետական կուսակցությունը։
Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ Արգամ Աբրահամյանը, ով Հովիկ Աբրահամյանի որդին է, պատգամավոր դառնալուց հետո հրաժարական տվեց։