22/05/2017 12:55
ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը Իրանի համար բարդ է լինելու. Արտյոմ Տոնոյան
Իրանի քաղաքական կուրսի մեջ տեղավորվում է հնարավորության սահմաններում բարելավվել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Քարոզարշավի ընթացքում Ռոհանին շեշտել էր, որ պատրաստվում է շարունակել այն քաղաքական կուրսը, որը դեռևս առաջ էր քաշել իր նախագահության առաջին տարիներին: Դատելով նրա հայտարարություններից՝ արտաքին քաղաքականության մեջ Իրանը փորձելու է հարաբերությունները բարելավել Արևմուտքի, մասնավորապես եվրոպական երկրների և Ամերիկայի հետ», - ասաց իրանագետը:
Ա. Տոնոյանի դիտարկմամբ`Իրանի համար փոքր ինչ բարդ է լինելու ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը:
«Եթե ժամանակին Ռոհանին գործ ուներ Օբամայի հետ, ապա այժմ գործ ունի Թրամփի հետ, որն ամենևին բարեհաճ չէ Իրանի հետ հարաբերությունները շարունակել Օբամայի որդեգրած քաղաքական կուրսով: Այս իմաստով արդեն իսկ նկատվում են փոփոխություններ, միանշանակ դրական զարգացումներ ակնկալել դժվար է, բայց Ռոհանին փորձելու է հնարավորության սահմաններում բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»: