22/05/2017 16:08
Իմ՝ մանդատ վերցնելու իրավունքը դեռ չի ծագել. Գևորգ Պետրոսյան
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանն այս պահին բարոյական չի համարում խոսել պատգամավորական մանդատը վերցնելու հարցի շուրջ։
«Եթե մանդատը կազատվի, նոր միայն կարող եմ խոսել։ Ես բարոյական առումով ճիշտ չեմ համարում այդ մասին խոսել այս պահին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է վերցնել պատգամավորական մանդատը։
Նրա խոսքով՝ իր կողմից մանդատը վերցնելու իրավունքը կարող է ծագել, երբ դրանից հրաժարված պատգամավորները, ըստ օրենքի, երկրորդ անգամ ևս պնդեն իրենց հրաժարականը։
«Մանդատ վերցնելու իմ իրավունքը երբ ծագի, այն ժամանակ կքննարկեմ պարոն Ծառուկյանի հետ և հետո միայն ինչ ինքն ասաց, կանեմ», -ասաց Պետրոսյանը։
Դիտարկմանը, թե մեծ հաշվով ինքը դեմ չէ խորհրդարան գնալուն, Պետրոսյանը արձագանքեց. «Իհարկե, դեմ չեմ գնալ խորհրդարան, եթե դեմ լինեի, չէի ընդգրկվի «Ծառուկյան» դաշինքի ցուցակում»։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորներ Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը և Հարություն Ղարագյոզյանը մայիսի 19-ին հրաժարականի դիմում էին ներկայացրել ԱԺ նախագահին և եթե պատգամավորները մեկ շաբաթ անց հետ չվերցնեն ինքնաբացարկի դիմումները, ապա դրանք կհամարվեն ընդունված։
Նկատենք, որ Գևորգ Պետրոսյանը կարող է փոխարինել Արտյոմ Ծառուկյանին, քանի որ թիվ 1 ընտրատարածքում Արտյոմ Ծառուկյանից հետո ամենաշատ ձայներ հավաքել էին Արթուր Մամոյանը (5612), Ալիկ Եղիկյանը (2388), Արման Աբովյանը (1583), Արայիկ Կեսոյանը (1485), ովքեր, սակայն, ընտրություններից հետո ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել ԿԸՀ, որոնք ընդունվել էին։
Իսկ ահա Խաչիկ Մանուկյանին թիվ 7 ընտրատարածքից կարող է փոխարինել Նորա Առուստամյանը, քանի որ այս ընտրատարածքի հաջորդ ամենաշատ ձայներ հավաքած թեկնածու Լյովա Խաչատրյանը ավելի շուտ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ԿԸՀ։ Նորա Առուստամյանը հավաքել էր 4773 ձայն:
Ինչ վերաբերում է թիվ 3 ընտրատարածքից ընտրված և հետո ինքնաբացարկ հայտնած Հարություն Ղարագյոզյանին, ապա նրան կարող է փոխարինել Հակոբ Նազարյանը, որը այս ընտրատարածքում հավաքել է 3569 ձայն: