22/05/2017 11:43
Ես գերմարդ-բժիշկ չեմ․ ԵՊԲՀ-ում դասախոսություն կարդաց «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան
Այսօր «Ավրորա» մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում հանրային դասախոսություն կարդաց, այդ մասին տեղեկանում ենք մրցանակի պաշտոնական կայքից։
«Ես գերմարդ-բժիշկ չեմ, ես ձեզ նման ուսանող էի 25-30 տարի առաջ: Եթե դուք հետաքրքրված եք այս գործով, դուք էլ կարող եք անել այն: Յուրաքանչյուր մարդ կարող է այս գործով զբաղվել. ընդամենը կամքի և ցանկության հարց է: Այս աշխատանքը շատ հետաքրքիր է և ուժ է տալիս: Մի՛ վախեցեք Աֆրիկայում գոյություն ունեցող խնդիրներից ու աշխատանքի բարդություններից», - ուսանողներին դիմեց Թոմ Քաթինան։
Երևանի պետական բժշկական համալսարանը Թոմ Քաթինային արժանացրեց պատվավոր դոկտորի կոչման այն բացառիկ մարդասիրական գործունեության համար, որ նա ծավալում է Սուդանի Նուբա լեռներում:
«Բժշկությունն առհասարակ ամենամարդասիրական մասնագիտությունն է, առաքելություն, որն առաջին հերթին ենթադրում է բարձր պատասխանատվություն և նախաձեռնողականություն: Մեզ համար մեծ պատիվ է, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ, բժշկական համալսարանի պատվավոր դոկտորների շարքը համալրեց Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինան», - ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։