22/05/2017 13:42
ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 23-ին արտահերթ հանդիպում կանցկացնի ԿԺԴՀ-ի հրթիռային փորձարկման հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 23-ին արտահերթ խորհրդակցություններ կհրավիրի Հս. Կորեայի կողմից հերթական հրթիռային փորձարկման հարցով, հայտռնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին:
Ինչպես նշվում է, արտահերթ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Fox News Sunday ամերիկյան հեռուստածրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ տնտեսական և դիվանագիտական ճնշումը ԿԺԴՀ-ի նկատմամբ կշարունակվի հերթական բալիստիկ հրթիռի արձակումից հետո:
Հյուսիսային Կորեան մայիսի 21-ին իրականացրել է անհայտ տեսակի հրթիռի հերթական փորձարկումը Փհենան-Նամդո նահանգում: Ճապոնիայի տվյալներով` տեղի ժամանակով 16:59-ին բալիստիկ հրթիռ է արձակվել, որն ընկել է Ճապոնական ծովը: