22/05/2017 10:51
Փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ ստացել է գործունեության արտոնագիր. նրանց առջև պայման է դրված սպասարկել նաև անվճարունակ խավին
ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր, տեղեկացնում են Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր խոսքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ, հավանաբար, այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա:
Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի և չի կիսում այդ տեսակետը: Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի մեր երկրի 100.000 բնակչին համընկնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը գերազանցում է 600-ը, Իտալիայում և Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա և մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու:
«Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- ասել է Արա Զոհրաբյանը:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը շնորհավորել է շրջանավարտներին՝ նշելով, որ նրանց շնորհիվ բացահայտվել են ուսումնառության փուլում առկա խնդիրները, որոնք շտկվել են և շարունակաբար կատարելագործվում են ուսուցման գործընթացները:
Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նաև տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված և տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ և վստահորդներ ձեռք բերել:
Նա նշել է, որ նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաև, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին: