22/05/2017 17:30
2017թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,3%-ի չափով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 5,7% տնտեսական ակտիվություն։
Հիշեցնենք, հունվար-մարտին այն կազմել էր 6,6 տոկոս: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-ապրիլ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,9%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 2,9%-ով, իսկ շինարարության ծավալը` 13,4%-ով:
Միևնույն ժամանակ, առևտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,1%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 0,1%-ով:
Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,3%-ի չափով:
2017թ. հունվար-ապրիլին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,3%-ի չափով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 15,1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 16,1%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 14,6%-ով: