22/05/2017 15:47
Հակառակորդի կրակոցից զոհված 9 զինծառայողների ընտանիքների փոխհատուցում է տրամադրվել
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել զոհված 9 զինծառայողի ընտանիքի:
Առաջին երկու փոխհատուցումները կատարվել են ժամկետային պարտադիր շարքային զինծառայողներ Գոռ Համազասպի Գարեգինյանի և Անդրանիկ Սմբատի Մուսիկյանի ընտանիքներին:
Համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ամսի 21-ին շահառու ընտանիքները իրենց համար բացված հատուկ հաշիվներին բացի 10-ական միլիոն միանվագ փոխհատուցումներից հիմնադրամից լրացուցիչ կստանան ամսական 200 000-ական դրամ` 20 տարվա ընթացքում:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զինծառայողների ընտանիքների:
Ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Հմայակի Հարութունյանի և սպայական կազմի ավագ լեյտենանտ Գոռ Գևորգի Հովհաննիսյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000 և 300 000 ՀՀ դրամ:
Հիմնադրամի ակտիվների և պարտավորությունների կառավարման հանձնաժողովը սահմանված կարգով կատարել է հատուցումներ ևս 5 զինծառայողների ընտանիքների:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արտակ Էդիկի Ռաֆայելյանի, պայմանագրային զինծառայողներ կրտսեր սերժանտ Կարեն Մարատի ՈՒլուբաբյանի սերժանտ Արայիկ Իգորի Սարգսյանի, սպայական կազմի մայոր Նվեր Յուրիկի Բաբաջանյանի և փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական համապատասխանաբար 200 000, 250 000 և 300 000 ՀՀ դրամ: