22/05/2017 13:26
Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, ապա Իրանը ստիպված կլինի ավելի երկար սահմանագիծ ունենալ Ադրբեջանի հետ, ինչն Իրանին պետք չէ. Իրանագետ
Անկախ նրանից` Իրանում կընտրվեր Ռոհանին, թե Ռաիսին, հայ-իրանական հարաբերությունները չէին տուժի, լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը:
«Կոսմետիկ փոփոխություններ կլինեն`արտաքին քաղաքականության հետ կապված, բայց նախագահների դեպքում որևէ բան չէր փոխվի, որովհետև երկրի սկզբունքային հարցերը որոշվում են երկրի հոգևոր առաջնորդի՝ Այաթոլլա Ալի Խամենեի մոտ, իսկ Խամենեն չի փոխվում, նա իր տեղում է», - նշեց նա:
Հանդիպման հաջորդ բանախոս իրանագետ Արտյոմ Տոնոյանն անդրադարձավ ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը: Վերջինս ընդգծեց, որ Իրանը զգուշավոր է իր հայտարարություններում, միևնոյն ժամանակ Իրանին Ադրբեջանի հետ սահմանային հնարավորինս քիչ տարածություն է հարկավոր:
«Իրանն ուզում է ինչքան հնարավոր է կարճ սահամանագիծ ունենալ Ադրբեջանի հետ, հարց է առաջանում, արդյոք անկախ Արցախի Հանրապետությունը չի կրճատում այս սահմանգիծը. միանշանակ կրճատում է, իսկ եթե Արցախի Հանրապետությունը լինի Ադրբեջանի կազմում, ապա Իրանը ստիպված կլինի ավելի երկար սահմանագիծ ունենալ Ադրբեջանի հետ, ինչն Իրանին պետք չէ», - նշեց նա: