22/05/2017 11:56
Կարտոֆիլը՝ թանկ, վարունգը՝ «ջրի գին». «Մեյմանդարի» գյուղմթերքի մեծածախ շուկան (Լուսանկարներ)
Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, որը գյուղացիների շրջանում առավել տարածված է Մեյմանդար անունով, գյուղմթերքի մեծածախ շուկա է գործում. Այստեղ հավաքվում են առևտրականներ տարբեր վայրերից և համեմատաբար բարձր գնով վաճառում գյուղացուց գնած գյուղմթերքը։ Գյուղացու, որն իր սեփական մթերքը կվաճառի այս շուկայում, հազվադեպ կարելի է տեսնել։
Տիկին Նինան ամեն օր մի քանի կմ կտրում և Երևանի Նոր Նորքի զանգվածից հասնում է Մեյմանդար։ Ասում է՝ «Մասիվի շուկան վերացրին», ոտքը հասավ այստեղ։ «Տասը դրամ եմ աշխատում. 90-ով կանաչին առնում եմ, 100-ով ծախում, ի՞նչ անեմ, էս էլ իմ գործն ա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում չի դժգոհում տիկին Նինան։
Երևանյան շուկայի համեմատ այստեղ կանաչին զգալի էժան է՝ յուրաքանչյուր տեսակի կանաչու կապն արժե 100 դրամ։
Փոխարենը այս երկու օրերին զգալի թանկացել է հին կարտոֆիլը՝ 200-300 դրամ, գրեթե նույքան, որքան՝ նոր կարտոֆիլը։
«Էս երկու օրը ֆուռերով կարտոֆիլ արտահանեցին, շուկայում պակասեց, դրա համար թանկացրել ենք», - ասում է վաճառականներից Արմենը։
Առատաշեն գյուղից 62-ամյա Նորիկը վարունգը բերել է մեծածախ շուկա, վաճառում է 60-80 դրամով, ինչպես ինքն է ասում՝ «ջրի գնով», հակառակ դեպքում գյուղում կվաճառեր 30-40 դրամով։ Դժգոհում է, թե վարունգից ստացվող եկամտով չի կարողանում պարտքերը փակել։
«Էս գնով վաճառելը ո՞նց ձեռ կտա, ութ հազարով որ պարարտանյութ առնեմ, սերմը առնեմ 40 դրամով, թույներն առնեմ, ցելաֆոնն առնեմ, էդ ո՞նց ինձ ձեռ կտա։ Բացի էդ, շոգին էլ քիմիա եմ շնչում, մտնում եմ ջերմոցը։ Էս տարի տուժել ենք, էն էլ ոնց։ Էդ ո՞ր գյուղացին ա օգտվել», - նշում է առատաշենցին։
Գյուղմթերքի այս մեծածախ շուկան, գյուղացիների խոսքով, պատկանում է Մասո անունով հայտնի պաշտոնաթող գեներալ Գևորգ Ենոքյանին։ Յուրաքանչյուր մեքենայի համար որպես տեղի վարձ վճարվում է 1000 դրամ։