24/05/2017 15:30
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ «Աշոտյան Ս...» գրությամբ քվեաթերթիկ չի հայտնաբերվել
Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հերքում է, որ Ազգային ժողովում հանձնաժողովների նախագահների ընտրության ժամանակ «Աշոտյան Ս...» գրությամբ քվեաթերթիկ է հայտնաբերվել։
«Լրատվամիջոցներում տարածված լուրն ակնհայտ սուտ է, կեղծիք է, հանձնաժողովում նման քվեաթերթիկ չի եղել և որևէ մեկը հանձնաժողովի անդամներից չէր կարող որևէ քվեաթերթիկ լուսանկարել», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը։
Նշենք, որ Armtimes.com կայքն այսօր գրել էր, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների քվեարկությունից առաջ Գագիկ Ծառուկյանի կողմից հրահանգ է եղել. «Ում ուզում եք քվեարկեք, բայց Աշոտյանին՝ բոլորդ դեմ»:
«Քվեարկության արդյունքները վառ արտահայտում են հրահանգի իրականացումը, սակայն եղել են որոշ ԲՀԿ-ականներ, որոնք շատ են ոգևորվել Ծառուկյանի հրահանգն իրականացնելուց և որոշել են անարգանքի սյունին գամել կրթության և գիտության նախկին նախարարին: Երկու անվավեր քվեաթերթիկներից մեկի վրա, որը քվեարկված է եղել «դեմ», ունեցել է նաև գրառում. «Աշոտյան Ս…»»:
Aysor.am-ը թեմայի հետ կապված փորձեց պարզաբանում ստանալ նաև «Ծառուկյան» խմբակցությունից։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը, իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանն, ինչպես միշտ, իր ոճի մեջ էր: «Ես նոր եմ վերադարձել Հայաստան», - ասաց ԲՀԿ մամուլի խոսնակն ու անջատեց հեռախոսը։