24/05/2017 10:05
Վարչապետը բոլոր նախարարներին հորդորում է օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Հստակ է, որ նոր կառավարությունը կրկին ղեկավարելու է Կարեն Կարապետյանը, սակայն վերջինս նոր կառավարության ձևավորման ընդառաջ փորձում է ցույց տալ, որ իր վերանշանակումը արդարացված է։ Այդ իսկ պատճառով նա արդեն երկու օր է՝ բոլոր նախարարություններին, գերատեսչություններին հանձնարարական է ուղարկել՝ 5 օրում գրել տվյալ նախարարության ոլորտի 5 տարվա զարգացման ծրագիրը։ Բոլորը ցայտնոտի մեջ են հայտնվել, քանի որ ոչ տեսականորեն և ոչ գործնականում հնարավոր չէ 5 օրում 5 տարվա զարգացման ծրագիր գրել։
Նախարարությունների աշխատակիցներին, սակայն, զվարճացրել է վարչապետի օրինակը։ Նա բոլոր գերատեսչություններին ուղարկել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մի քանի օրում գրած զարգացման ծրագիրը՝ որպես ամենաօրինակելի շաբլոն և հորդորել է այդ օրինակով գրել բնապահպանության, կապի և տրանսպորտի, քաղաքաշինության և մյուս գերատեսչությունների ծրագրերը։
Վարչապետի շաբլոնը զավեշտալի է թվացել այն համատեքստում, որ Լևոն Ալթունյանը համարվում է վարչապետի ամենաչստացված կադրը, և հիմա, փաստորեն, վարչապետը բոլորին հորդորում է օրինակ վերցնել ամենաանհաջող նախարարից։ Վարչապետը, սակայն, այդ քայլով փորձում է փրկել նաև իր մտերիմ ընկերոջը՝ Ալթունյանին, նորից նախարարի աթոռին պահելու համար»։