24/05/2017 10:21
Մարշալ Բաղրամյանի տնկած ծառը և Բերդի հարստությունը (Լուսանկարներ)
Տավուշի մարզի Բերդ քաղաքը փոքր է, կոկիկ, նույնիսկ՝ մաքուր։ Այստեղ մարդիկ միմյանց ճանաչում են, փողոցում հանդիպելիս ձեռքով բարևում։ Քաղաքում կյանքն աշխույժ չէ, ինչպես օրինակ Երևանում է. չկան սրճարաններ, ժամանցի կենտրոններ, թատրոն, մշակույթի սրահ։ Երիտասարդներն ասում են՝ ֆիլմ դիտելու կամ թատրոն այցելելու համար հասնում են Երևան։
Եթե քաղաքին հատուկ բարձրահարկերը չլինեն, Բերդը գյուղի կնմանվեր։ Այստեղ նույնիսկ կենտրոնական փողոցն են համարում «գեղամեջ»։ Երևանյան արագաչափերն ու տեսախցիկները Բերդ չեն հասել, իսկ երթևեկության կարգավորումը կենտրոնական փողոցում իրականացվում է ընդամենը երկու լուսացույցի օգնությամբ։
Բերդում առաջիկայում ձեռնոցի գործարանն է աշխատելու, և տարածաշրջանի գյուղերի բնակչության շրջանում աշխատանք ունենալու հույսեր են առաջացել։
«Ընդհանուր առմամբ, Բերդը էնքան էլ վատ վիճակում չի, ուղղակի պետք ա շատ ուշադրություն դարձնեն», - ասում է բնակիչ Մեսրոպը։
Այստեղ մարդիկ հպարտանում են իրենց գեղեցիկ բնությամբ, այն համարում իրենց հարստությունը։
«Սորանը Բերդի ամենալավ տեղն ա՝ թե բնությունն ա գեղեցիկ, թե պատմական տեղեր կան», - հպարտանում է Բերդի երիտասարդ բնակիչներից մեկը՝ մատնանշելով քաղաքի միակ տեսարժան վայրը։
«Սորանը», պարզվեց, ռեստորանային համալիր է, որը գտնվում է Բերդի դենդրոպարկում։ Այստեղ տանող ճանապարհը անհարթ էր, խորդուբորդ։ Դենդրոպարկի մասին հուշում էր նախորդ դարից մնացած ու անձրևից ժանգոտած ցուցանակը։
Ծառերի արանքում տեղ-տեղ կարելի էր հուշարձաններ հանդիպել՝ աղջկա կերպարանքով, մանկական ճոճորաններ, նստարաններ։ Հենց դենդրոպարկի սկզբնամասում կանգնած էր Հովհաննես Բաղրամյանի տնկած ծառը՝ «Այս ծառը 1976 թվականի հոկտեմբերի 1-ին տնկել է կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը» գրությամբ։
«Ճանապարհի փոսերը շատ ա խանգարում, որ մարդիկ բարձրանան վերև։ Չեն գալիս, ինչ անեմ։ Էդքան փող էլ չկա, որ ճանապարհը սարքեն», - ասում է «Սորան»-ի սեփանակատերը՝ Անդրանիկ Մելքումյանը։
Ռեստորանը Անդրանիկին հասել է պապուց, աշխատեցնում է՝ առանց սպասումների, որ շահույթ կստանա։ Մարդիկ, ասում է, չեն գալիս, չգիտեն իրենց մասին։ Անդրանիկն ասում է, որ 60-ական թվականներին այն կառուցվել է որպես ճոպանուղի, սակայն չի շահագործվել, և պապը սեփականաշնորհել է, դարձրել ռեստորան՝ 1967 թվականից։
«Էն ժամանակ Թուրքիայից ստեղ մեծ շարժ ա եղել, շատ են եկել, հաց կերել։ Որ հիմա էլ մարդիկ գալիս են, ասում են՝ պապի պես հաց տուր, ասում եմ՝ դե պապի պես չեմ կարա, բայց էլի հաց կտամ։ Էն ժամանակ բնակչությունն ա շատ եղել, համ էլ աշխատատեղեր են եղել», - պատմում է Անդրանիկը։
«Սորանի» պատշգամբից Բերդի սիրուն համայնապատկերն է՝ կենտրոնում նորակառույց Սբ. Հովհաննես եկեղեցին։ Եվ հենց այդ տեսարանի, հրաշալի բնության ու գեղեցիկ անտառի համար էլ Բերդում դենդրոպարկն համարում են միակ տեսարժան վայրը։