24/05/2017 22:57
Դոն Պիպոյի ու Վստրեչի Ապերի նախապատրաստվող սպանությունը կանխվել է (Լուսանկարներ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ զինված անձինք նախապատրաստվում են կատարել ծանր հանցագործություն՝ սպանություն, և այդ նպատակով բնակարան են վարձակալել Էջմիածին քաղաքում, ապօրինի կերպով ձեռք են բերել զենքեր և զինամթերք և ձեռնամուխ եղել սպանության նախապատրաստական գործողություններին։
Ոստիկանության լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ փաստի առթիվ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում՝ այսօր, մայիսի 24-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները խափանեցին սպասվող ծանր հանցագործությունը, կանխեցին հանցավոր ծրագիրն ու անակնկալի բերելով նշված բնակարանում գտնվող երեք անձանց՝ վնասազերծեցին և բերման ենթարկեցին ոստիկանության ՔՀԳՎ։
Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են զենքեր և ռազմամթերք։ Քննությունը շարունակվում է։
Ավելի վաղ Newsbook-ը հայտնել էր, որ մահափորձ է իրականացվել միանգամից երկու հեղինակությունների նկատմամբ: Թիրախ էին ընտրվել Արթուր Ասատրյանը՝ «Դոն Պիպոն», ինչպես նաև Արամ Վարդանյանը՝ «Վստրեչի ապերը»: