24/05/2017 14:58
Եթե ադրբեջանցիները չխոչընդոտեն, Հայաստանը նույնպես կարող է օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի երթուղուց
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումից Հայաստանը տնտեսապես չի տուժի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով՝ տվյալ երկաթգծի նախագծի հիմնական նպատակն է եղել կապել Ադրբեջանը եվրոպական շուկայի հետ՝ շրջանցելով Ռուսաստանը: Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, ադրբեջանցիները դրա շնորհիվ պլանավորում են, նախնական տվյալներով, այդ երթուղով տարեկան 300 մլն տոննա բեռնափոխադրում իրականացնել դեպի Եվրոպա, ինչի համար նախատեսվում է Ախլքալաքում հավելյալ տերմինալի կառուցում, որը ճանապարհին տեղափոխվող բեռները պետք է մշակի ու ապահովի դրանց հետագա ընթացքը:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այդ երթուղին Հայաստանի ապրանքաշրջանառության վրա, Խ. Հարությունյանն ասաց, որ այդ ապրաքաշրջանառության հոսքից մենք չենք օգտվում, քանի որ թուրքական շուկայի հետ հաղորդակցվում ենք ավտոտրանսպորտով Վրաստանի միջոցով.
«Բացի այդ, մենք Թուրքիայի հետ գործող երկաթգիծ չունենք: Ուստի այն թեզը, որի համաձայն, Հայաստանը կարող է դրա հետևանքով մեկուսացվել, չի աշխատում»:
Նա հնարավոր համարեց, որ երկաթգծի գործարկումից որոշ ժամանակ անց Հայաստանն էլ կարող է երկաթգծից օգտվել՝ Թբիլիսի-Կարս երթուղու միջոցով հաղորդակցվելով Եվոպայի հետ:
«Սակայն ադրբեջանցիներն ամեն բան կանեն, որ նման բան տեղի չունենա», - ընդգծեց ՀՀԿ պատգամավորը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել էի այն մասին, որ այս տարվա հունիսի վերջ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագիծը վերջնական տեսքի կբերվի և շահագործման կհանձնվի: