24/05/2017 12:40
Հիմք են ընդունում մի քանի տարի առաջվա դատվածությունս ու երեք օրով հոգեբուժարան են ուզում ուղարկել. Շահեն Հարությունյան
Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը հրաժարվում է 3 օր հետազոտություն անցնել հոգեբուժարանում: Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Շահեն Հարությունյանն ասաց, որ իրեն հոգեբուժարան զննության ուղարկելու մասին որոշում է կայացվել զինկոմիսարիատում և ընդգծեց, որ իր առողջական խնդիրները բացառապես ոտքերի հետ են կապված:
«Ոտքերս վիրահատված են, երկաթով են հավաքված: Խնդիրը դա է, և ես այդ խնդրից բխող հետևանքներն եմ ներկայացրել: Նրանք ուղարկել են ինձ ստուգումների ու ասել են կկանչենք, երբ բժիշկների եզրակացությունը լինի», - ասաց նա:
Շահենի խոսքով, ինչպես ցանակացած զինակոչիկ, ինքը ևս եղել է հոգեբույժի մոտ, մինչդեռ վերջինս չի ստորագրել փաստաթուղթը, համաձայն որի՝ ինքը պիտանի է ծառայության:
«Ինձ ասացին, որ խորհրդակցություն են անցկացրել և որոշել, որ պիտի հոգեբուժարան ուղարկեն: Հետաքրքրվեցի՝ ինչի՞ համար, ասացին՝ դատվածություն ունես: Ես կարող եմ մի քանի անգամ այցելել հոգեբույժին, նրա հետ զրուցեմ, դուրս գամ, գնամ տուն: Ես ասում եմ, որ տարեվերջյան ամփոփիչ քննություններ ունեմ, իրենց համար դա միևնույն է: Գիտեմ նաև մարդկանց, ում տանում էին և արդարացված էին տանում, կարողա մարդ իսկապես ունի հոգեկան շեղում, դա նորմալ է, բայց աննորմալ է, երբ ես առհասարակ նման խնդիր չունեմ, իմ նկատմամբ բողոքներ չկան, որ իմ վարքից որևէ մեկը տուժած լինի, բայց հիմք են ընդունում մի քանի տարի առաջվա դատվածությունս ու երեք օրով հոգեբուժարան են ուզում ուղարկել: Դա աբսուրդ է», - ընդգծեց նա:
Շահեն Հարությունյանը նշեց, որ համաձայն որոշման, ինքը հոգեբուժարանում պիտի հետազոտությունների ենթարկվի մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում:
«Պիտի գնամ վայենկոմատ և հրաժարվեմ հոգեբուժարան գնալուց: Եթե կա այնդպիսի ընթացակարգ, ըստ օրենքի դիմում կգրեմ ու կհրաժարվեմ հոգեբուժարանի ստացիոնար բուժումներից», - ասաց նա:
Ավելի վաղ, իր ֆեյսբուքյան էջում Շահեն Հարությունյանը գրել էր, որ նման որոշումը կապված է իր քաղաքական հայացքների հետ: