24/05/2017 15:59
Նախագահը երկրի անվտանգության տեսլականը ներկայացրել է երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 24-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի ուսանողների հետ:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափում: Հարցերն առնչվել են մեր երկրի զարգացման հեռանկարներին՝ թե՛ քաղաքական եւ թե՛ տնտեսական համատեքստում, ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին, արտաքին քաղաքական գործընթացներին, տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորմանը, սահմանային լարվածությանը, խորհրդարանական կառավարման համակարգին եւ այլ խնդիրների:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Է. Շարմազանովն անդրադարձել է ԱԺ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթին՝ կարևորելով այն հանգամանքը, որ պետության ղեկավարը մեր երկրի զարգացման, առաջընթացի և անվտանգության տեսլականը ներկայացրել է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ և ռազմավարական ուղղություններով:
«Մեր ազգային նպատակն ուժեղ և մրցունակ Հայաստանի կերտումն է՝ ուժեղ նոր սերնդով. դա է Հայաստանի Հանրապետության հարստությունը», - հավելել է Էդուարդ Շարմազանովը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է. «ԼՂ հակամարտության կարգավորումը տարածքային վեճ չէ. մեր խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Մեր նպատակն է հասնել նրան, որ Արցախի ժողովրդի կամքը պարտադիր լինի բոլորի համար»:
ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայ ժողովրդի միասնականությունը և հանդուրժողականությունը և հավելել, որ միայն այդ դեպքում մենք կարող ենք հաջողություններ գրանցել թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական գործընթացներում:
Է. Շարմազանովն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ եւ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերություններին եւ առաջիկա անելիքներին՝ ընդգծելով, որ մեր երկիրն արտաքին քաղաքական գործընթացներում իրականացնում է հավասարակշռված քաղաքականություն: