24/05/2017 14:44
Բրյուսելում արգելել են ցանկացած զանգվածային ակցիա Էրդողանի հյուրանոցի մոտ
Բրյուսելի քաղաքապետ Իվան Մայերն արգելել է ցանկացած զանգվածային ակցիա Ստեֆանի հրապարակում գտնվող հյուրանոցի մոտ, որտեղ իջևանելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Lenta.ru-ն՝ հղում անելով La Libre պարբերականին:
Էրդողանը Բելգիայի մայրաքաղաք է ժամանում՝ մասնակցելու մայիսի 24-ի երեկոյան մեկնարկելիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Մայերի խոսքով՝ որոշումն ընդունվել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ Էրդողանի այցի ժամանակ գրանցված բախումներից հետո: Վաշինգտոնում ծեծկռտուքի հետևանքով 9 մարդ է տուժել, որոնցից 2-ը լուրջ վնասվածքներ է ստացել:
Թուրքիայի նախագահի կողմնակիցներն ավելի վաղ Facebook-ում արշավ էին սկսել՝ տեղի թուրք համայնքի ներկայացուցիչներին կոչ անելով ցույցի դուրս գալ: Այն ծրագրում էին անցկացնել մայիսի 24-ին, տեղական ժամանակով 18:00-ին: Էրդողանին սատարող հավաքին մասնակցելու պատրաստամություն է հայտնել ավելի քան 700 մարդ: