24/05/2017 12:53
Կան և պետք է լինեն տարբեր մոտեցումներ և տեսակետի բախում. Արծվիկ Մինասյանը՝ վարչապետի և ՀՅԴ-ական նախարարների մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանի և դաշնակցական նախարարների միջև լարված հարաբերություններ չկան, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը։
«Պարզապես թե՛ վարչապետը և թե՛ նախարարները քաղաքական անձիք են։ Նրանք ստանում են քաղաքական այն ուժի վստահությունը, որ ներկայացնում են, ինչպես նաև նախագահի և երկրի ղեկավարի հավանությունը։ Այդ տեսակետից մեր բոլորի գործը նույնն է՝ իրականացնել այն ծրագրերը, որոնք մենք միասին հռչակել և հայտարարել ենք մեր երկրի զարգացման ուղղություն։ Կան, իհարկե, և պետք է լինեն տարբեր մոտեցումներ և տեսակետի բախում, բայց շատ կարևոր է, որպեսզի այդ բախման արդյունքում ծնվի գործողությունների ավելի արդյունավետ ճանապարհ։ Վստահ եմ, որ մեր հետագա աշխատանքն էլ ավելի նոր հնարավորություններ կբացի», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ կառավարության նիստի ընթացքում վարչապետի հետ բանավեճ ունենալը չի խոսում հակասությունների մասին։
«Դա խոսում է այն մասին, որ կան տեսակետներ և այդ տեսակետների հնչեցման ցանկություն և հնարավորություն։ Այլ բան, որ այդ տեսակետների բախումից ինչ որոշումներ են կայացվում։ Իսկ կայացվող որոշումները պետք է կատարել։ Շատ վատ կլինի, եթե չլինի տեսակետների ներկայացումը, որովհետև այդպիսով կստացվի համոզված չլինելով կատարել մի գործ, որի արդյունքների մասին դու էլ վստահ չես: Իսկ տեսակետների բախումն առողջ մթնոլորտի մասին է խոսում», - եզրափակեց Արծվիկ Մինասյանը։