25/05/2017 12:37
ԱՄՆ-ն հրավիրում է ՆԱՏՕ-ին ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիա
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մերձավոր Արևելքի և Եվրոպայի երկրներով շրջագայության ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է դառնա «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիայի մասնակից, հայտնում է «Укринформ»-ը։
«ՆԱՏՕ-ի միացումը ԻՊ-ի դեմ կոալիցիային, մենք կարծում ենք՝ շատ կարևոր քայլ կլինի, որն անհրաժեշտ է անել», - նշել է նա։
Թիլերսոնը վստահություն է արտահայտել, որ դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը գիտակցում է այդ քայլի կարևորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան մայիսի 25-ին հավանություն կտան ԻՊ-ի դեմ պայքարին ՆԱՏՕ-ի միանալուն, թեև Սթոլթենբերգը հայտարարել է, որ սիրիական հակամարտությունում ՆԱՏՕ-ի զինվորների մասնակցության հարց չի դիտարկվում։