25/05/2017 13:17
Ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 25-ին տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված և գովասանագրերի արժանացած ԼՂՀ աշակերտների և նրանց ուսուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողություն:
Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետությունում առանցքային տեղ է հատկացվում կրթության և գիտության զարգացմանը, և այս ուղղությամբ իրականացվում են տարբեր ծրագրեր, որոնք ըստ ամենայնի նպաստում են մատաղ սերնդի ուսման մակարդակի բարձրացմանը, դպրոցների շենքային պայմանների բարելավմանը, տեխնիկական հագեցվածության ապահովմանը:
«Նաև ժամանակակից կրթական համակարգն է հանդիսանում երկրի դեմքը, և մենք կանենք հնարավորը, որպեսզի մեր երիտասարդներն ստանան որակյալ կրթություն, լինեն բազմակողմանի զարգացած և քայլեն ժամանակին համընթաց»,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: