25/05/2017 19:41
Դեյվիդ Մըքալիսթեր. Արևելյան գործընկերության քաղաքականությունը զրոյական ընդհանուր հանրագումարային արդյունքով խաղ չէ
Եվրամիությունը շատ ոգևորված է Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմամբ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մըքալիսթերը:
«Մենք շատ ոգևորված ենք ԵՄ և ՀՀ-ի միջև նոր համաձայնագրի կնքմամբ: Այս համաձայնագիրը հիմք կլինի մեր հարաբերությունների խորացման համար, համագործակցության և զարգացման նոր հեռանկարներ կստեղծվի: Հայաստանը, ինչպես գիտեք, ԵԱՏՄ անդամ է և միևնույն ժամանակ այժմ ստորագրում է այս հավակնոտ համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Այս փաստը վկայում է այն մասին, որ մեր Արևելյան գործընկերության քաղաքականությունը զրոյական ընդհանուր հանրագումարային արդյունքով խաղ չէ», - նշեց նա:
Նրա խոսքով՝ այս համաձայնագրի վերջնական հաստատումը պետք է տրվի ԵԽ կողմից, ուստի այդ նպատակով, Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը զեկույց է պատրաստելու, որը ԵԽ-ի հաստատման համար հիմք է հանդիսանալու: