25/05/2017 20:31
Եվրամիությունը և ԱՄՆ-ը պայմանավորվել են ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ
ԱՄՆ-ի և Եվրամիության ինստիտուտների ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպմանը պայմանավորվել են ակտիվացնել «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը, լրագրողներին հայտնել է ԵՄ-ի մի աղբյուր, փոխանցում է РИА Новости-ն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 25-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկի և Ժան Կլոդ Յունկերի հետ: Ավելի ուշ նրանց միացել են ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին: «Հակաահաբեկչության հարցի շուրջ համաձայնություն Է ձեռք բերվել ԻՊ-ի դեմ պայքարն ակտիվացնելու վերաբերյալ», - հայտարարել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը նաև իր հավանությունն է հայտնել ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ԵՄ-ի դիրքորոշմանը: «Քննարկվել է՝ ինչպես շարունակել աշխատանքը՝ հիմնվելով արդեն առկա լավ համագործակցության վրա», - նշել է նա: