25/05/2017 13:54
«Դո՞ւք ինչից եք անհանգիստ». Կառավարության այսօրվա նախագծերից մեկը անհանգստացրեց շատերին
Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու փաթեթը։
Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կառուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանում։
Նրա խոսքով՝ նշված մարմինն օժտված է լինելու անհրաժեշտ գործիքակազմով, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառման կարողությամբ:
«Նախագծով հայտարարագիր պետք է ներկայացնեն նաև այն հանրային ծառայողները, որոնք թեև բարձրաստիճան դիրք չեն զբաղեցնում, սակայն, իրենց գործունեությամբ պայմանավորված, գտնվում են ռիսկային գոտում, այդ անձիք են գնումների գործընթացում ընդգրկված պաշտոնյաները, քննիչները, դատախազները», - ընդգծեց Ա. Հովհաննիսյանը։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծի փաթեթի մշակմանն ակտիվորեն մասնակցել է նաև ներկայում ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, ապա նպատակահարմար է նրան ճանաչել որպես նախագծերի համահեղինակ, և ԱԺ-ում հիմնական զեկուցող նշանակել հենց Ա. Հովհաննիսյանին։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ գերատեսչությունը առաջարկություն է ներկայացրել նախարարությանը, սակայն ամփոփաթերթիկ չի ստացել՝ դրանք ընդունված լինելու կամ չլինելու վերաբերյալ։
«Կխնդրեի, որ այս երկու օրվա ժամկետում միասին աշխատենք՝ հստակեցնելու համար մեր նկատառումների հարցը», - նշեց նա։
Միջամտեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ խնդրելով իրենց հետ նույնպես հաշվի նստել։
«Շատ լավ, անհանգստացան բոլորը», - արձագանքեց վարչապետ Կարեն Կարապետյանը։
Արձագանով հանդես եկավ նաև Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը՝ նշելով, որ իրենց էլ է ժամանակ պետք:
«Դո՞ւք ինչից եք անհանգիստ, պարոն Բադալյան», - հետաքրքրվեց Կարեն Կարապետյանը
: «Անհանգիստ չենք, ուզում ենք աջակցել», - արձագանքեց Մ. Բադալյանը: