25/05/2017 13:37
Ինչո՞ւ ենք հասել այս վիճակին. Կարեն Կարապետյանը՝ Արտեմ Ասատրյանին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Բյուջետային համակարգի մասին» և «Գնումների մասին» օրենքներում փոփոխությունների կատարելու մասին որոշումը:
«Առաջարկվում է գնման գործընթաց իրականացնելու վերաբերյալ նախագիծն ընդունել, որպեսզի լսողական սարքերի, պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման և տեղադրման ծառայությունների ձեռքբերումն իրացվի, որը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով հաշմանդամներին մատուցվող ծառայությունները ժամանակին և անհրաժեշտ ծավալներով իրականացնելու համար է», - նշեց նա։
Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս ոլորտում խնդիր է եղել, քանի որ տվյալ գործընթացն իրականացնող կազմակերպություններից մեկի կողմից այս որոշումը բողոքարկվել է։
«Դա քննվում է դատական մարմնում, և չկա վստահություն, որ բողոքարկումներ նորից չեն լինի», - ընդգծեց Ա. Ասատրյանը։
Նախարարի պաշտոնակատարն առաջարկեց թույլատրել գոնե ամենակարևոր չափաքանակի մասով գնումը կազմակերպել, մինչև վերջնական որոշման ընդունում:
«Ճի՞շտ եմ հասկանում, որ դուք վերլուծել եք, և կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվե՞լ են», - հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչին Արտեմ Ասատրյանը դրական պատասխան տվեց։
«Այդ դեպքում ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, եթե ամեն տարի նման պատկեր լինի, մի աղբյուրից պիտի գնվեն այդ բոլոր անհրաժեշտ միջոցները», - արձագանքեց Կարեն Կարապետյանը։