25/05/2017 11:59
Մինչև 2017 թվականի վերջը աղբահանության ոլորտը կարգավորող իրավական ակտ կներդրվի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին։
Նա նշեց, որ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատաարը տեղեկացրել է, որ «Մաքուր Հայաստանի» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից աղբահանության ու սանիտարական մաքրման ոլորտի վերաբերյալ ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնք իրականցվելու են մայիսի 27-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի աշխատանքներում։
«Ակնկալում ենք հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների ու կառավարության աշխատակազմի ակտիվ մասնակցությունն ու լիարժեք աջակցությունը միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին», - նշեց Կ. Կարապետյանը։
Նա նշեց, որ այս ծրագրին խիստ հետևողական են լինելու։
«Համայնքներին առաջարկում ենք ներդնել աղբահանության ու սանիտարական տեսուչների ինստիտուտը։ Մինչև 2017 թվականի վերջը նախատեսվում է հանդես գալ օրենսդրական անախձեռնությամբ՝ աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտը կարգավորող հատուկ իրավական ակտի վերաբեյալ», - նշեց Կ. Կարապետյանը։
Վարչապետը Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկուամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում՝ տուգանքի կիրառման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ։
Վարչապետը տարածքային կառավարման ու զարգացման, ֆինանսների նախարարների ժամանակավոր պաշտոնակատարներին հանձնարարեց 15-օրյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն փակման ենթակա աղբավայրերի աշխատանքները պատշաճ կազմակեպելու և աղբահանության ծառայությունները ապահովելու նպատակով համապատասխան ազդագիր՝ համայքներում անհրաժեշտ պետական օժանդակության տրամադրման վերաբերյալ։