25/05/2017 15:29
Ճիշտ չէ, երբ ասում են, որ Հայաստանում գործ չկա. սիրիահայ գործարարներ
Հայաստանում օճառի և շամպունի արտադրությամբ զբաղվող սիրիահայ գործարար Շանթ Խայալյանն ասում է, թե ճիշտ չէ, երբ ասում են, որ Հայաստանում գործ չկա։
«Եթե Հայաստանում ես և ասում ես, թե գործ չկա, դա ճիշտ չէ։ Աշխատողի համար միշտ էլ գործ եղել է և կա», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործարարը, ապա ավելացրեց. «Ես այսպես եմ հասկանում, եթե ջանք ես թափում, կարողանում ես առաջ գնալ, ուրեմն՝ կգնաս։ Իհարկե՛, խոչընդոտներ, դժվարություններ շատ կան, բայց չի նշանակում, թե գործ չկա»։
Սիրիահայ գործարարը, որ օրգանական օճառներ ու շամպուններ է արտադրում, լավատես է. «Եթե ապրանք ես արտադրում, անպայման նաև վաճառք է լինում։ Հնարավոր է, որ ուրիշի արտադրանքը 100 հատ վաճառվի, քոնը՝ 20, բայց միևնույն է՝ վերջում վաճառքը կա։ Եթե մոտ 200 խանութի ապրանք ես տալիս՝ յուրաքանչյուրին 10 հազար դրամի, ստացվում է 2 միլիոն դրամ ապրանքի վաճառք, իսկ դա Հայաստանի համար, որպես նորաբաց բիզնես, նորմալ է»։
Շանթ Խայալյանն ասում է, որ այս տարի արդեն իր մոտ աճ կա ու բավական առաջ է գնում. «Երկու տարի նախնական աշխատել եմ, որպեսզի մարդկանց փաստեմ, որ իմ արտադրանքը բնական է, խաբեություն չկա, օգտակար է և որակով։ Հիմա արդեն մարդիկ մեկը մյուսին ասում են, և երկու տարի չարչարվելուց հետո, առաջ է գնում, և արդյունքները սկսում եմ տեսնել»։
Հայաստանում իր հիմնած բիզնեսում դժվարություններից մեկն, ըստ Շանթ Խայալյանի, այն է, որ փոխանցումներն ուշ են կատարվում։
«Խանութին ապրանք ես մատակարարում, ասում են, թե մեկ ամսից գումարը կփոխանցեն, բայց ոչ ոք չի փոխանցում։ Ահավոր ուշացնում են։ Սա խնդիրներից մեկն է։ Հաջորդն այն է, որ երբ շուկա ես մտնում ու ճանաչված չես, արդեն խնդիրներ են ծագում, որ խանութներում սկսում են «նազուտուզ» անել՝ ասելով, թե պետք է զեղչով տաս, ցուցափեղկի համար վճարես և այլն, այսինքն՝ բյուրոկրատական քայլերի են դիմում, որ կամ չուզես, կամ էլ ուզելու դեպքում լինի նաև իրենց ուզածով։ Հիմա արդեն փոխվել է՝ իրենք են զանգում, ասում են՝ խնդրում ենք, ապրանք բեր»։
Վերջում Շանթ Խայալյանը փաստում է՝ եթե որակով արտադրանք ես տալիս ու այդ որակը պահում ես, ուրեմն հաստատ կունենաս նաև սպառող։
Սիրիահայ մեկ այլ գործարար՝ կոշիկի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Անդրանիկ Սաֆարն էլ Հայաստանում իր գործը հիմնել է 2014 թվականից։
Հայաստանում և Սիրիայում, ըստ նրա, բիզնեսով զբաղվելու հարցում տարբերությունները շատ մեծ են։
«Այնտեղ հարկային արտոնություններ կան, ապրանքը ներմուծելու հարցում խնդիրներ չեն ծագում, շուկայական հարեբերությունները դյուրին են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ա. Սաֆարը։
Նրա խոսքով՝ ի տարբերություն Հայաստանի՝ Սիրիայում բիզնեսով զբաղվողները սկսնակ լինելու դեպքում 3 տարով հարկերից ազատվում էին, հումքի ներմուծումն արվում էր զրոյական տոկոսով, արտահանման հարցերում ևս արտոնություններ են տրվել։
«Իսկ այստեղ հումքերը լրիվ դրսից են գալիս, հարկեր են ավելանում, և բիզնես դնելիս՝ նույնիսկ չիմանալով, այն հաջող կլինի, թե ոչ, արդեն տուրքեր ես վճարում։ Արտահանում անելն էլ է բավական թանկ, դրա համար մարդիկ չեն ցանկանում այստեղից առևտուր անել», - նշում է կոշիկի արտադրությամբ զբաղվող սիրիահայ գործարարը։
Թեև կոշիկի հիմնական սպառողը հայերն են, այդուամենայնիվ, Անդրանիկ Սաֆարը զբաղվում է նաև արտահանմամբ։
«Եվրոպական երկրներ, Ռուսաստան, արաբական երկրներ ենք արտահանում։ Մի խանութ Սոչիում ունենք, մեկն էլ ուզում ենք Մոսկվայում բացել։ Պահանջարկ կա, մնում է հավատարիմ գործընկերներ ճարել», - ասաց նա։