25/05/2017 23:41
Սևանում առաջին նավագնացությունն իրականացվել է 19-րդ դարում. այսօր ծովագնացության միջազգային օրն է
Հայաստանն, իհարկե, չի կարող հպարտանալ ծով ունենալու փաստով, առավել ևս՝ ծովագնացությամբ, սակայն, դրա փոխարեն, հայտնի է նախկինում «Գեղամա ծով» անվանմամբ Սևանա լճով: Aysor.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հիդրոերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչ, ե.գ.թ. Հրաչյա Շահինյանի հետ՝ հասկանալու՝ Սևանին «ծով» անվանումը տալն ինչո՞վ է պայմանավորված:
Հրաչյա Շահինյանի խոսքով՝ ծովի և լճի առաջացման երկրաբանական պայմանները տարբեր են: Սևանի առաջացման մասին մինչև այժմ էլ կան տարբեր կարծիքներ:
Ենթադրվում է, որ Սևանը տեկտոնիկ շարժումների հետևանքով է առաջացել և քաղցրահամ լճին բնորոշ ջրի բաղադրություն ունի: Ծովի ջուրը միջինը մոտ 30-33 պրոմիլ աղիություն ունի, իսկ Սևանի ջրում այդպիսի կազմ չի գրանցվել: Բացի այդ, հիդրոերկրաքիմիայի լաբորատորիայի վարիչը հավելեց, որ Սևանը սնուցման տեսակներով էլ է տարբերվում ծովից:
Ինչ վերաբերվում է հնում տարածված «ծով» անվանը, Հրաչյա Շահինյանը նշեց, որ ջրային տարածքի համար դա նորմալ, ավանդական, ժողովրդի մեջ տարածված երևույթ է, որն ունի ավանդապատային ծագում, սակայն չունի գիտական հիմք:
Գիտնականը Սևանա լճի քաղցրահամ լինելը բացատրեց շրջափակող ապարների և սնուցող ջրերի կազմով, որոնք, իրենց հերթին, փոփոխության են ենթարկվում լվացվող շրջակա ապարների ազդեցությունից:
«Այն, իհարկե, քաղցրահամ է, բայց խմելու համար պիտանի չէ, քանի որ դրա կազմում կան որոշակի տարրեր և դրանց որոշակի դասավորություն, այսինքն՝ այնտեղ կան որոշակի կատիոններ և անիոններ (դրական և բացասական լիցքավորված իոններ), որոնց հարաբերությունը և դասավորությունը դարձնում է ջուրը խմելու համար ոչ պիտանի», - պարզաբանեց Հրաչյա Շահինյանը:
Ի դեպ, հունիսի 25-ին նշվում է ծովագնացների միջազգային օրը:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք Սևանում նավարկություն իրականացնել, Հրաչյա Շահինյանը պատմեց, որ ռուսաստանաբնակ մի հայ տեղափոխվել է Հայաստան և եղել Սևանա լճի առաջին նավապետը: Նավագնացության առաջին փորձը Սևանում իրականացվել է 1880-90-ական թվականներին։ Նա հավելեց նաև, որ ջրային ավազանում կարելի է իրականացնել նավարկություն՝ համապատասխան նավերով: