25/05/2017 11:25
Վարչապետի հանձնարարականը՝ մտցնել շատ կոշտ խաղի կանոններ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային պարտավորությունների կատարման ապահովմանն ուղղված սնանկության վարույթներին։
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ միայն 2016-2017 թվականներին տնտեսվարողների կողմից շուրջ 22 միլիարդ դրամ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով առկա են սնանկության ավելի քան 2100 վարույթ», - նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ չնայած որոշ տնտեսվարողների պարագայում հնարավոր է կիրառել սնանկության վարույթին այլընտրանքային միջոց։
Կարեն Կարապետյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել հարկային պարտավորությունների արտադատական կարգով վարչական բռնագանձման և ծանուցման ինստիտուտի, ինչպես նաև համաչափ արգելադրման համակարգված կիրառման վերաբերյալ առաջարկություն։
«Ներկայացնել տնտեսվարողների սնանկության հատկանիշների ճշգրիտ գնահատման ու դրանք բացահայտելու ՊԵԿ գործիքակազմ», - ընդգծեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը նշեց, որ առաջարկությունները ներկայացնելուն պես մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն հարկային պարտավորությունների մարման ժամանակացույցի տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և կանխատեսելիության բարձրացման վերաբերյալ։
Արդարադատության նախարարի պարտականությունները ժամանակավորպես կատարող Արթուր Հովհաննիսյանին էլ վարչապետը հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմ ներկայացնել սնանկության մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։
«Չափազանց կարևոր աշխատանք է սա, որովհետև հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք պրակտիկորեն սնանկացման գործընթացի մեջ շատ քիչ ունենք օրինակներ առողջացման։ Շատ կոշտ պետք է մտցնենք համակարգ ու խաղի կանոններ», - հավելեց Կարեն Կարապետյանը։