25/05/2017 12:16
Ես իմ մեղքերը քավեցի, որ օգնել եմ հանրապետականներին. Վոլոդյա Ավետիսյան (Տեսանյութ)
Այսօր առավոտյան «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կարծում է, որ ազատազրկումը իր համար պատիժ էր գործած մեղքերի համար: Իսկ գործած մեղքեր նա համարում է Հանրապետական կուսակցությանը նախագահական ընտրություններում օժանդակելը:
«2008-ին, հավատալով, օգնել եմ Սերժ Սարգսյանին, մեր ամբողջ գյուղին ասել եմ՝ ընտրեն Հանրապետականին: Նրա՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ ես ոչ մի վատ բան չեմ տեսել, չեմ լսել: Ամեն մարդ կարող է չէ՞ զղջալ անօրինականությունների համար: Ես իմ մեղքերը քավեցի այստեղ, որ օգնել եմ Հանրապետականներին, Քոչարյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև հավատացել եմ, որ պտի երկիրը սարքենք», - «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ավետիսյանը:
Նրան դիմավորելու համար «Վարդաշենի» դիմաց հավաքվել էին նրա համախոհները, ընտանիքի անդամները, թոռնիկներն ու մարտական ընկերները:
Վոլոդյա Ավետիսյանը հայտարարեց, որ շարունակելու է իր պայքարը՝ այս անգամ հանուն դատապարտյալների իրավունքների պաշտպանության, քանի որ, նրա կարծիքով, դատապարտյալների համար օրենքը հավասար չի գործում:
Մանրամասն՝ տեսանյութում