25/05/2017 16:49
Տուսկ. ԵՄ-ն և ԱՄՆ-ն միասնական դիրքորոշում չունեն Ռուսաստանի հարցում
Եվրամիությունն ու ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ընդհանուր դիրքորոշում չունեն: Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք ընդհանուր դիրքորոշում չունենք Ռուսաստանի հարցում: Չնայած ինչ վերաբերում է Ուկրաինայի հակամարտությանը, մենք, կարծես, նույն ուղով ենք ընթանում», - բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը:
Տուսկը նշել է, որ Թրամփին իր հիմնական մեսիջը եղել է այն, որ իրենց համագործակցության և բարեկամության համար «հատոկ նշանակություն ունեն արևմտյան հիմնարար արժեքները, ինչպիսիք են խոսքի ազատությունը, մարդու իրավունքներն ու մարդու արժանապատվության հանդեպ հարգանքը»:
Նրա խոսքով՝ կարևորն այդ արժեքների, այլ ոչ թե պարզապես շահերի շուրջ համախմբումն է: «Արժեքներն ու սկզբունքներն առաջին հերթին այն բաներն են, ինչի մասին պետք է խոսեն Եվրոպան և Ամերիկան», - հավելել է նա: