25/05/2017 15:49
Իրանը կշարունակի մեծացնել հրթիռային հզորությունը
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը կմեծացնի հրթիռային հզորությունը՝ հրթիռներ արտադրելով ևս մեկ ստորգետնյա համալիրում, որը դարձել է թվով երրորդը, հայտարարել Է զորամիավորման ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք քայլ առ քայլ, աստիճան առ աստիճան առաջ ենք մղում մեր պաշտպանական ներուժը, ինչի առնչությամբ հայտարարում եմ, որ վերջին մի քանի տարում Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը հիմնել է հրթիռների արտադրության՝ թվով երրորդ ստորգետնյա գործարանը», - մեջբերում է նրա խոսքը Fars գործակալությունը:
Նա նշել է, որ Իրանի կողմից հրթիռների արտադրությունը և փորձարկումների անցկացումը կանհանգստացնեն և կնյարդայնացնեն «Իրանի թշնամիներին, այսինքն՝ ԱՄՆ-ին և Իսրայելին», որոնք ցանկանում են իրանցի ժողովրդին դնել թույլ դրության մեջ:
Հաջիզադեն նշել է, որ շուտով Իրանը կստեղծի երկիր-երկիր տիպի նոր բալիստիկ հրթիռ «Դիզֆուլ» անվամբ, որն այդպես է կոչվել ի պատիվ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող քաղաքի: