25/05/2017 14:09
Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում. նախարարները հայտարարի չէին գալիս, միջամտեց վարչապետը
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Ջրային կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը ներկայացրեց Ոռոգման ջրամատակարարման ոլորտում ջրի փաստացի օգտագործումը հաշվի առնող կառավարման հայեցակարգին հավանություն տալու մասին հարցը:
«Սա կլուծի համակարգում առկա խնդիրները.,-նշեց Ա. Հարությունյանը։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը խնդրեց լրացուցիչ 2 օր տրամադրել Արդարադատության նախարարության տեսակետի և կոմիտեի հետ քննարկման համար:
Միջամտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, թե ավելի ճիշտ կլինի ներկայացնել, թե որն է խնդիրը։
«Բնապահպանության նախարարությունը պահանջում է, որ այս հայեցակարգն անցնի ՇՄԱԳ (շրջակա միջավայրի ազդեցության գնահատական): Մենք քննարկել ենք կոմիտեում այս հարցը, հանձնարարել ենք Արդարադատության նախարարությանը ներկայացնել իրենց տեսակետը, թե արդյոք պետք է, որ այս հարցն անցնի ՇՄԱԳ: Մեր կարծիով՝ բացարձակապես դրա կարիքը չկա, որովհետև չի համարվում օրենքով նախատեսված հիմնադրութային փաստաթուղթ ջրային տնտեսության բնագավառին վերաբերող», - ասաց Դավիթ Հարությունյանը ու հավելեց, որ Արդարադատության նախարարությունն էլ է նման որոշում ընդունել:
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ 6 ամիս ժամկետ է տրամադրվելու միջոցառումների կատարման համար։
«Սա բավական ժամանակ է այդ փորձաքննության անցկացման համար: Օրենքի շրջանակներում էլ պիտի այդ փորձաքննությունն անցկացվի, ու սա օգտակար կլինի», - արձագանքեց Արծվիկ Մինասյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանը համաձայնեց 2 օր ժամանակ տալ կոնստրուկտիվ, պրագմատիկ որոշում ընդունելու համար:
«2 օրը չի նշանակում, որ ՇՄԱԳ-ով անցնելու է», - նշեց վարչապետը:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանն էլ առաջարկեց, որ Արդարադատության նախարարությունն էլ անդրադառնա այս հարցին, քանի որ, ըստ օրենքի, բոլոր փաստաթղթերն էլ պիտի անցնեն ՇՄԱԳ-ով:
Արծվիկ Մինասյանն ասաց, թե օրենքն այդպես է սահմանում, իսկ վարչապետն արձագանքեց. «Օրենքը տարբեր մարդիկ տարբեր կերպ են կարդում, թող Արդարադատության նախարարությունն էլ կարդա, որ բոլորը նույն ձևով կարդան»:
Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, թե օրենքի կիրառող մարմինը իրենց նախարարությունն է, ու իրենց կարծիքն էլ պիտի հաշվի առնվի:
Արդյունքում եկան այն եզրակացության, որ Արդարադատության նախարարությունն էլ կդիտարկի հարցը և կներկայացնի հիմնավոր կարծիքը: