25/05/2017 16:28
Կնվազեցվեն սողանքային աղետի ռիսկերն ու վնասները
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման պլանին: Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց:
Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչն անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: Սողանքային աղետի կառավարման պլանի նպատակն է նվազեցնել սողանքային աղետի ռիսկերն ու վնասները՝ ձեռնարկելով համապատասխան հակասողանքային միջոցառումներ: