26/05/2017 19:58
«Պետք է գոտիները ձգել». ԱԺ նախագահը կրճատել է իր 22 խորհրդականների ու օգնականների թիվը
Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԺ խորհուրդը կազմված է ՀՀ ԱԺ նախագահից, նրա երեք տեղակալներից, խմբակցությունների մեկական ներկայացուցիչներից և մշտական հանձնաժողովների նախագահներից: Խորհուրդը գործում է Կանոնակարգին և իր որոշմամբ հաստատված աշխատակարգին համապատասխան:
Նիստի սկզբում խորհուրդը քննարկել և հավանության է արժանացրել «ՀՀ ԱԺ խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Այնուհետև քննարկվել է «ՀՀ Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է, որ հաշվի առնելով խորհրդարանական մի քանի հանձնաժողովների միացման արդյունքում դրանց ծանրաբեռնվածությունը և վերահսկողական գործառույթները՝ առաջարկվում է ավելացնել հանձնաժողովների փորձագետների թիվը: ԱԺ նախագահը հորդորել է գործընկերներին այս հարցում առաջնորդվել բացառապես պետության ունեցած հնարավորությունների սահմաններում:
«Ես ուզում եմ մենք չանձնավորենք խնդիրը: Ամենամեծ բեռն այսօր իմն է, երբ ես իմ աշխատակազմում 22 խորհրդականներին ու օգնականներին կրճատել եմ՝ թողնելով 6 հոգու: Շատ բարդ գործ է: Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներից», - ասել է Արա Բաբլոյանը:
Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության փորձագետների թվի ավելացման հարցը կքննարկվի առաջիկայում:
Խորհրդի անդամները կարևորել են խորհրդարանի փորձագիտական կարողությունների շարունակական զարգացումը և այս հարցում գործուն քայլերի իրականացումը: Հանձնաժողովների նախագահները ներկայացրել են իրենց գլխավորած հանձնաժողովների փորձագետների ավելացման հիմնավորումները՝ ծանրաբեռնվածություն, ոլորտային բազմազանություն, վերահսկողական գործառույթների ավելացում:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նշել է. «Ամենամեծ բեռն իմն է: Ես ժառանգություն եմ ստացել մեծ աշխատակազմ՝ խորհրդականներ, օգնականներ, ու հիմա ասում եմ նրանց՝ ես ձեզ հետ չեմ աշխատելու: Գիտեք ինչ կա՝ «պետք է գոտիները ձգել»: Եկեք որևէ մեկին վատ դրության մեջ չդնենք, որևէ մեկին չպիտակավորենք, եկեք ազնվությամբ գնանք առաջ»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, հանրագումարի բերելով բոլոր մտահոգությունները, առաջարկել է միացյալ երեք հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին տրամադրել փորձագետի հավելյալ երկուական հաստիք, մնացյալ 5 հանձնաժողովներին՝ փորձագետի հավելյալ մեկական հաստիք: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետի ավելացման հարցին առաջարկվել է անդրադառնալ առաջիկայում:
ՀՀ ԱԺ նախագահի առաջարկն ընդունվել է ՀՀ ԱԺ խորհրդի անդամների կողմից: