26/05/2017 14:04
Շատ չենք կարոտում, մի բան է տխրեցնում՝ մեծանում ենք. ԱԺ պատգամավորները՝ վերջին զանգի հիշողությունների մասին
Այսօր Հանրապետությունում նշվում է վերջին զանգը, որն առիթ է ևս մեկ անգամ հիշելու և վերապրելու դպրոցական հուշերը: Իրենց վերջին զանգի հիշողությունների մասին Aysor.am-ին են պատմել ԱԺ պատգամավորները:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դպրոցական վառ հիշողություններ ունի: Դասարանցիների հետ մինչև հիմա էլ մտերիմ է:
«Իմ իսկական ընկերները իմ մանկության ընկերներն են Ալավերդիից: Շատ լավ հիշում եմ մեր վերջին զանգը, որից հետո ավարտական քննություններ հանձնեցինք, հետո «վիպուսկնոյ» արեցինք, տղաներով և աղջիկներով լուսաբացը դիմավորեցինք: Շատ ընկերական դասարան ենք եղել: Մինչև հիմա կապի մեջ ենք՝ չնայած դասընկերների մի մասը Ռուսաստանում է, մի մասն էլ՝ Հունաստանում»:
Էդուարդ Շարմազանովը պատմում է՝ երբեք չի պատկերացրել, որ մի օր ԱԺ փոխնախագահ կդառնա, երազել է պատմաբան դառնալ. «Երբ 10-րդ դասարանում էի, երազում էի պատմաբան դառնալ: Պատմաբան դարձել եմ, հիմա դասավանդում եմ, բայց մի թերություն կա՝ կիսատ գրած աշխատություններ ունեմ: Կարծում եմ՝ ամառային արձակուրդների ժամանակ կաշխատեմ և մինչև տարեվերջ նոր աշխատությունս կհրապարկվի»:
Ինչ վերաբերում է վերջին զանգի միջոցառումներին, ապա Է. Շարմազանովը հիշում է. «1993 թվականին եմ ավարտել: Հիմա չգիտեմ ճոխություններ կան, թե չէ, բայց այդ ժամանակ շատ ճոխություններ չկային: Բնականաբար, աղջիկները նոր զգեստներ էին հագնում, տղաները նոր կոստյումներ էին գնում, «բաբչկաներ», փոխկապներ: Հիշում եմ՝ լավ ներկայացում էինք կազմակերպել՝ երգում, նվագում էինք: Այդ ամենը տեսաժապավենի վրա կա և շատ դեպքերում ընկերներով հավաքվում ու նայում ենք: Շատ չենք կարոտում, մի բան է տխրեցնում, որ մեծանում ենք»:
Վերջին զանգի մասին բավականին ինքնատիպ են «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հիշողությունները: Վերջինս ավանդական վերջին զնագ չի ունեցել:
«Ես Քվանտ վարժարանում եմ սովորել, իսկ այնտեղ վերջին զանգի միջոցառումները, մեղմ ասած, չէին խրախուսվում տնօրինության կողմից, և մենք շատ սիմվոլիկ վերջին զանգի արարողություն ենք ունեցել: Այդ ժամանակ շատ ինտենսիվ պարապմունքների մեջ էինք բուհի ընդունելության քննությունների համար», - ասաց նա:
Մինչդեռ վերջին զանգի դպրոցական միջոցառմանը փոխարինել է հանրապետության հրապարակում կազմակերպված միջոցառումը.
«Հիշում եմ, որ դասընկերներով Հրապարակ գնացինք: Այնտեղ շրջանավարտներին նվիրված միջոցառում էր»:
Պատգամավորը խոստովանում է՝ գուցե այն ժամանակ նախընտրելի էր վերջին զանգի միջոցառում ունենալ նաև վարժարանում, բայց հիմա համակարծիք է տնօրինության դիրքորոշման հետ:
«Հասկանալի է պատանիների ոգևորությունը, բայց ես համաձայն եմ Քվանտի տնօրինության հետ: Կարծում եմ՝ շատերը կհամաձայնեն, որ այդ ամենը մի փոքր ուռճացված է և շատ դեպքերում անգամ ինչ-որ տհաճ դրսևորումներ է ստանում», - ասաց նա:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ևս դասընկերների հետ կապը մինչև հիմա պահպանում է: Հիշում է նաև, որ ավարտական միջոցառման սցենարն ինքն է գրել.
«Ինչպես երևի բոլոր շրջանավարտները, մենք ևս լաց էինք լինում, բոլորս հուզված էինք: Մեր ուսուցիչներին շատ էինք սիրում»:
Պատգամավորը խոստովանում է՝ դպրոցը միշտ է կարոտում. «Երբեք դպրոցը չեմ թողնում, որովհետև այդ հիշողությունները լավ հիշողություններ են՝ մաքուր, պայծառ և ազնիվ: Ես մինչև հիմա իմ դպրոցական ընկերների հետ կապը պահում եմ: Դա սովորական կապ չէ, մենք հաճախ հանդիպում ենք ընտանիքներով, մեր երեխաների առիթներին ենք մասնակցում: Մինչև հիմա էլ շատ լավ ընկերներ ենք և բոլորովին կապ չուներ, թե ով է գերազանցիկ, ով թույլ սովորող»:
ԱԺ պատգամավոր, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 1 դպրոցը:
«Կոմունիստական ժամանակաշրջան էր: Դպրոցում վերջին զանգի միջոցառման բացումը տնօրենն էր անում, մենք էլ երգում, պարում էինք, արտասանում: Փոքրիկ միջոցառում էր»:
Կնյազ Հասանովը պատմում է, որ այն ժամանակ ավարտական երեկոն այնպիսին չէր, ինչպես հիմա. «Միջոցառումից հետո հավաքվեցինք, հիշում եմ գառ էի վերցրել, որ գնայինք դաշտ և նշեինք: Դրանից հետո անցանք ավարտական քննություններին պատրաստվելուն»:
Կնյազ Հասանովն անկեղծանում է՝ այս տարիքում դպրոցը չի կարոտում, բայց հիշում է, թե ինչպես էր դպրոցական տարիներին երազում ուսուցիչ դառնալ. «Հիշում եմ՝ ավարտելուց հետո մի տարի դպրոցում ուսուցիչ աշխատեցի: Հիշում էի, որ ուսուցիչները մատյանը թևի տակ մտնում էին դասարան, երազում էի, որ ես էլ դառնայի ուսուցիչ ու ավարտելուց հետո ես մատյանը վերցրի ու մտա դասարան: Շատ լավ հիշողություն է»:
ԱԺ պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ Արսեն Միխայլովը հիշում է՝ վերջին զանգը շատ համեստ էր. «Վերջին զանգին մասնակցում էին կոմունիստներն ու պիոներները: Միջոցառում էր կազմակերպվում, երգ ու պար էր լինում: Այնպիսի ճոխություններ, ինչպես հիմա, այն ժամանակ չկային: Ժողովուրդն իրեն այդպիսի ճոխություն թույլ չէր տալիս: Սահմանափակվում էինք այն միջոցառումներով, որը դպրոցն էր կազմակերպում, ռեստորանում էլ չէինք հավաքվում ավարտական երեկո նշելու համար»:
Մի բան, թերևս, անփոփոխ է մնացել, Միխայլովը հիշում է՝ ինչպես հիմա, այն ժամանակ ևս գեղեցիկ ավանդույթ կար՝ ավարտական դասարանի աշակերտներին ճանապարհում էին առաջին դասարանցիները: