26/05/2017 12:07
Արցախում զբոսաշրջության դեմ բողոքելով` Ադրբեջանը փորձում է շեղել միջազգային ուշադրությունը բանակցություններին խոչընդոտող իրական խնդիրներից. Արցախի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից, Aysor.am-ի հարցմանն ի պատասախան նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը:
«Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև՝ զբոսաշրջության ոլորտում։
Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ոչ միայն փորձում է ժխտել այդ օբյեկտիվ իրողությունը, այլև առիթը բաց չի թողնում ցուցադրելու իր աղաղակող անտեղյակությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտը կարգավորող միջազգային կոնվենցիաներից և իրավական նորմերից»,- Ստեփանակերտում զբոսաշրջային թռիչքներ իրականացնելու վերաբերյալ Ադրբեջանի հապճեպ բողոքներին
ի պատասխան նշել են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից:
«Ադրբեջանական իշխանությունների ձգտումը՝ Արցախում իրականացվող կոմերցիոն-զբոսաշրջային նախաձեռնությունները պայմանավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացով, անթաքույց փորձ է՝ շեղել միջազգային հանրության ուշադրությունը բանակցային գործընթացը խոչընդոտող իրական խնդիրներից, որոնք, նախ և առաջ, պայմանավորված են բանակցային գործընթացը տապալելու ադրբեջանական կողմի շարունակական փորձերով», - Aysor.am-ին ասել են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Yell Extreme Park»-ն ու Ստեփանակերտի օդանավակայանը հայտարարել են զբոսաշրջային նախաձեռնության մեկնարկի մասին, որը հնարավարություն է տալիս բոլոր ցանկացողներին Ստեփանակերտի օդանավակայանից թռչել երկտեղանոց ինքնաթիռով ու Արցախը տեսնել երկնքից: Դրան ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին`հայտարարելով` «հայկական կողմը զբոսաշրջության քողի տակ փորձում է վերականգնել ավիահաղորդակցությունը Երևանի և Արցախի միջև՝ այդպիսով հարված հասցնելով բանակցային գործընթացին»: