26/05/2017 15:36
Պոլսո հայ համայնքում հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ. Բագրատ Էստուկյան
Պոսլո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի հրաժարականից հետո Ստամբուլում սպասում են Պոլսո պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանի պատասխանին, որ գնա Պոլիս ու ստանձնի տեղապահի պաշտոնը: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թուրքիայում հրատարակվող «Ակոս» պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
«Արամ արքեպիսկոպոսը իր հայտարարության մեջ հրաժարումի մասին չի խոսել, բայց ասել է, որ Գարեգին Բեքչյանին աթոռը կհանձնի: Սա նշանակում է, որ նա ինքնին հրաժարական է տալիս», - անդրադառնալով Արամ Աթեշյանի հրաժարականին՝ ասաց Բ. Էստուկյանը՝ միաժամանակ նշելով, որ այդ հայտարարությունը Արամ սրբազանը պետք է կատարվեր մարտի 15-ին, երբ հայտնի դարձավ, որ տեղապահ է ընտրվել Գարեգին Բեքչյանը:
Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Աթեշյանի հայտարարությունից կարելի է ենթադրել, թե ազդանշաններ կան, որ կարող են ձեռնարկվել պատրիարքարանի ընտրությունները:
Վերջինս ասաց նաև, թե չի կարծում, որ այս անգամ ընտրությունների անցկացումը կհետաձվի։
Բագրատ Էստուկյանը շատ հավանական է համարում, որ առաջիկա ընտրություններում Արամ Աթեշյանն իր թեկնածությունը կառաջադրի:
Նրա խոսքով՝ Աթեշյանն իր հույսը դրել է իրեն համակիր և համայնքում ազդեցություն ունեցող «հզոր ուժերի», լրատվամիջոցների ազդեցության և լծակների վրա:
«Իսկ համայնքն այլևս Աթեշյանի նկատմամբ համակրանք չունի: Ընդհակառակը, հակակրանք կա Աթեշյանի նկատմամբ: Աթեշյանը բավականին մաշվեց»,- ասաց Բագրատ Էստուկյանը՝ ընդգծելով, որ հասարակությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Աթեշյանը կառավարության, իշխանությունների հետ է աշխատում, վերապահումով է վերաբերվում նրան: