26/05/2017 12:55
Լապշինի գործով քննությունն ավարտվել է
Բաքվի թիվ 1 քննչական մեկուսարանում պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի քրեական գործով քննությունն ավարտվել է: Այդ մասին ТАСС-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:
«Այո, քննությունն ավարտվել է: Տոներից հետո (նկատի ունի մայիսի 28-29-ին նշվող Ադրբեջանի Հանրապետության օրը) գործի նյութերը կտրամադրվեն Լապշինին և ինձ՝ դրանց ծանոթանալու համար, իսկ այնուհետ կուղարկվեն դատարան», - ասել է փաստաբանը:
Նրա խոսքով՝ Լապշինը դեռ քննչական մեկուսարանի բուժկետում է, ուր տեղափոխվել էր ապրիլի կեսին տախիկարդիա ախտորոշմամբ: «Ես քիչ առաջ հանդիպել եմ նրա (Լապշինի) հետ, նրա վիճակը նորմալ է», - նշել է Չերնինը:
Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև՝ Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: