26/05/2017 14:24
Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ թույլ է. Հանս Լուկաս
Տեխնիկական գիտությունների և ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում, գրականության բնագավառում, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար այսօր ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակներ է շնորհվել մի խումբ անձանց։
Հայոց ցեղասպանության խնդիրը «ԱԿՈՍ» թերթում մշտապես արծարծելու համար ՀՀ նախագահի 2016 թվականի մրցանակը տրվեց թերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանին։
«Կյանքիս ամենահիանալի պահն եմ ապրում, քանի որ այս պահը ծագում է իմ անցյալի և այժմյան աշխատանքով», - մրցանակը ստանալիս ասաց Բագրատ Էստուկյանը։
Նա նշեց, թե տարիներ շարունակ լուսահոգի Հրանտ Դինքի հետ նույն սենյակում աշխատել ու ամեն ինչ արեն են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
«Մենք ավանդույթներն ենք շարունակում, որպեսզի շղթան չկորի», - ասաց Բ. Էստուկյանը։
Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար նախագահի մրցակը տրվեց Հանս Լուկաս Կիզերին (Շվեյցարիա)։
«Մեծ է ոգևորությունս, քանի որ տարիներ շարունակ միայնակ աշխատելով՝ արժանանում եմ Հայաստանի նախագահի մրցանակին»,-ասաց Հանս Լուկասը։ Նա նշեց, թե չնայած 1980-ական թվականներից անդրադարձել է Հայաստանին, սակայն երբեք չի եղել այստեղ։
«Հիմա մի երկրում եմ, որն իմ սրտի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ 1980-ականներից է սկսել հետաքրքրությունս Հայաստանի հանդեպ։ Իմ գիտական ուսումնասիրությունը ի հայտ եկավ որպես ներդրում Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Իմ աշխատանքը քաղաքական չէ, ես այն որպես պատմաբան եմ կատարել։ Չկա մի ցեղասպանության ուսումնասիրություն՝ առանց հղում անելու Հայոց ցեղասպանությանը», - ասաց Հանս Լուկասը, ապա ավելացրեց, թե մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը շատ թույլ է։