26/05/2017 19:10
Հանրաքվեի արդյունքները չէին երաշխավորում կառավարության լեգիտիմությունը, և նրանք սկսեցին ավելի ռեպրեսիվ դառնալ. Սելինա Դողանի հարցազրույցը
Հայկական ծագմամբ թուրք կին պատգամավոր, Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Սելինա Դողանը, պատասխանելով Aysor.am-ի մի քանի հարցերին, հայտարարել է, որ Թուրքիայում վերջերս տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն անօրինական է:
«Բարձրագույն ընտրական խորհուրդը հաստատեց հանրաքվեի արդյունքները, և «այո»-ն հաղթեց: Սակայն «ոչ»-ի կողմնակիցները Թուրքիայի որոշ հատվածներում տարբեր ձևերով խոչընդոտների հանդիպեցին, և նրանց Թուրքիայում համարում են ահաբեկիչներ», - ի պատասխան Թուրքիայում հանրաքվեից հետո ստեղծված վիճակի մասին Aysor.am-ի հարցերին՝ ասաց Սելինա Դողանը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի մեծ քաղաքներում, ինչպիսին Ստամբուլն է, Անկարան, Իզմիրը, հաղթել է «ոչ»-ը:
«Ես համարում եմ, որ այս արդյունքը շատ կարևոր է, քանզի հակառակ կառավարության գործադրած բոլոր ջանքերին՝ հասարակության կեսը հայտարարեց, որ առաջարկվող փոփոխությունները ընդունելի չեն: Արդեն իսկ որոշ փոփոխություններ ուժի մեջ են մտել: Նախագահը, որը կորցրել էր իր մասնակցությունը կառավարմանը, կորցրեց պաշտոնապես և դարձավ իր կուսակցության անդամն ու առաջնորդը:
Դատավորների և դատախազների խորհրդի կառուցվածքը փոխվեց: Այսպիսով, Թուրքիան մեծ քայլ կատարեց կուսակցական պետություն դառնալու ճանապարհին: Հանրաքվեի արդյունքները չէին երաշխավորում կառավարության լեգիտիմությունը, և նրանք սկսեցին ավելի ռեպրեսիվ դառնալ: Թուրքիան ավելի արագ սկսեց հեռանալ ժողովրդավարությունից», - նկատեց Սելինա Դողանը՝ ընդգծելով, որ Թուրքիայում պայքարի նոր փուլ է սկսվում:
Անդրադառնալով Թուրքիայի Մեջլիսի պատգամավորների դեմ իրականացվող ճնշումներին՝ Դողանն ասաց, որ գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորների դեմ դատական հայցեր են ներկայացվել:
«Մեզ համար սովորական է, որ խորհրդարանական ընդդիմության դեմ դատական հայցեր են ներկայացվում: Սահմանադրական փոփոխությունների արդյունքում, եթե գիտեք, որոշ հանցագործությունների մասով հետադարձ ուժով վերացվել է պատգամավորական անձեռնմխելիությունը: Այնուհետև, դրանից հետո, պատգամավորների նկատմամբ դատական գործընթաց սկսվեց, և նրանցից ոմանք կալանավորվեցին: Եվ այժմ կալանավորված է ընդհանուր թվով 10 պատգամավոր», - ներկայացրեց տիկին Դողանը:
Նրա խոսքով՝ իրենց կուսակցության նախագահը կողմ է եղել պատգամավորական անձեռնմխելիության վերացմանը, սակայն իրենց որոշ անդամ պատգամավորներ դեմ են հանդես եկել պատգամավորական անձեռնմխելիության վերացմանը:
«Այդուհանդերձ մեր կուսակցության անդամ որոշ պատգամավորներ կողմ քվեարկեցին և 20 ձայնը բավական էր: Ես չեմ կարծում, որ մեր կուսակցության դիրքորոշումը ճիշտ էր: Բայց ես կցանկանայի ընդգծել՝ պատգամավորական անձեռնմխելիության վերացումը չի նշանակում կալանավորում, պատգամավորների դատավարությունը պետք է ընթանա առանց նրանց կալանքի: Նրանք պետք է լինեն ազատության մեջ, կարողանան մասնակցել օրենսդրական գործունեությանը», - ասաց Սելինա Դողանը:
Մեկնաբանելով հայազգի թուրք պատգամավոր Կարո Փայլանի նկատմամբ մեղադրանքը՝ Սելինա Դողանը ասաց, որ Փայլանի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող քրեական հետապնդումը ընդդիմությանը ճնշելու փորձ է:
Նրա խոսքով՝ Փայլանի հետ միասին ճնշման են ենթարկվում նաև թուրք պատգամավորներ Շաֆաք Փավելը, Մահմութ Թանալը, Սեզգին Թանրիքուլուն: