27/05/2017 12:25
Վրաց բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացումը Հայոց խորհրդարանի առաջնահերթություններից է. Արա Բաբլոյան
Մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում մասնակցել է Վրաստանի անկախության 26-րդ ամյակին նվիրված միջոցառմանը, որտեղ հանդես է եկել ելույթով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգման օրվա կապակցությամբ և մասնավորապես նշել. «Հայ-վրացական բազմադարյա հարաբերությունները պատմության ընթացքում ձևավորվել և զարգացել են՝ հիմնված լինելով բարիդրացիության և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի ղեկավարների պարբերական փոխայցելությունները և տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը վկայում են մեր երկրների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակի մասին»:
ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է նաև վերջին տարիներին հայ վրացական միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվությունը համագործակցության ոլորտում. «Իմ համոզմամբ, սա այն ոլորտն է, որը, ինչպես նախկինում, այնպես էլ մեր 6-րդ գումարման Ազգային Ժողովում գտնվելու է հայ օրենսդիրների ուշադրության կենտրոնում, քանի որ վրաց բարեկամ ժողովրդի հետ հարաբերությունների խորացումը Հայոց խորհրդարանի առաջնահերթություններից է»:
2017թ-ը հատկանշական տարի է երկկողմ փոխհարաբերություններում. նշվում է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Խորհրդարանի նախագահը համոզմունք է հայտնել, որ միացյալ ջանքերի շնորհիվ կկարողանանք առավել խթանել հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան՝ փոխհարաբերությունները բարձրացնելով նոր մակարդակի:
Արա Բաբլոյանը վստահություն է հայտնել, որ Վրաստանը կշարունակի իր զարգացման վերընթաց ուղին՝ բազում ձեռքբերումներով:
Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն հայտնել այցելության և Վրաստանի Անկախության օրը միասին նշելու համար: Դեսպանը նշել է նաև, որ նշանակալից է Վրաստանում ապրող հայերի լուման իրենց պետության կառուցման և զարգացման գործում: