27/05/2017 13:29
Արցախում նախատեսում են ներդնել արևային էներգիայի օգտագործման ծրագիրը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բակո Սահակյանի կողմից առաջարկվել է, որ հիմնադրամի այս տարվա դրամահավաքի թեմաները լինեն խորքային հորերի ծրագիրը, որի շնորհիվ Արցախում այս պահին չոռոգվող տարածքների մեծ մասը կսկսեն ոռոգվել։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 26-րդ համատեղ նիստի արդյունքներն ամփոփելիս լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր վարչության տնօրեն Արա Վարդանյանը։
«Դա մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա», - ասաց Արա Վադանյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր խորքային հորի համար անհրաժեշտ կլինի ծախսել շուրջ 50 000 ԱՄՆ դոլար։
Նրա խոսքով՝ Արցախում այսօր պահանջվում է 180-200 նմանատիպ խորքային հոր։
Երկրորդ ծրագիրը, որ առաջ է քաշել Արցախի Հանրապետության նախագահը, արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է։
«Որպես հիմնադրամ՝ արդեն նմանատիպ ծրագիր սկսել են Տավուշի մարզում, որոշակի փորձ ձեռք ենք բերել, և մյուս տարի Արցախում կկարողանանք գրեթե բոլոր գյուղում սկսել այս ծրագիրը։ Առաջին փուլը նվիրված է լինելու դպրոցներին և համայնքային կենտրոններին», - հաղորդեց հիմնադրամի գործադիր վարչության տնօրենը։