27/05/2017 15:29
ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը. Սվիտալսկի
Եվրոպական Միությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած վերջին հայտարարությանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նա վերահաստատեց ԵՄ դիրքորոշումը, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ լուծում ու հավելեց.
«Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստատուս-քվոն այլևս հնարավոր չէ պահպանել և խնդիրը պետք է ունենա բացառապես խաղաղ հանգուցալուծում: Ռազմական լուծումը բացառված է: Երբ կողմերը հասեն խնդրի խաղաղ կարգավորման, Եվրամիությունը պատրաստ է հակամարտության գոտում վերականգնողական աշխատանքների իրականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց դա տեղի կունենա միայն ու միայն հակամարտության գոտում խաղաղության հաստատման և հակամարտության խաղաղ կարգավորման դեպքում»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հիշեցնենք, մայիսի 18-ին առաջին անգամ հասցեական հայտարարություն էին տարածել՝ նկատելով, որ մայիսի 15-ին Ադրբեջանի Զինված ուժերը հրթիռային կրակ են բացել շփման գծի երկայնքով՝ հարված հասցնելով ռազմական տեխնիկային։